Արաղչի․ Պատերազմը կավարտվի, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը ընդունեն Իրանի պահանջները

Արաղչի․ Պատերազմը կավարտվի, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը ընդունեն Իրանի պահանջները

16 մարտի 2026 – 12:23 AMT

PanARMENIAN.Net – Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ pատերազմը կավարտվի, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը ընդունեն Իրանի պահանջները:

Նրա խոսքով՝ Իրանը պնդել է, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը պետք է տրամադրեն անվտանգության հստակ երաշխիքներ։

Բացի այդ, Թեհրանի համար սկզբունքային է նաև այն, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փոխհատուցեն իրենց ռազմական գործողությունների ընթացքում պատճառված ամբողջ վնասը, հայտնում է «Վեստի Կաոկազան»:

Ավելի վաղ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս պահին Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ նշանակալի առաջարկներ չեն ներկայացվել։ Միաժամանակ Իրանը ողջունել է տարածաշրջանային ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել պատերազմի ավարտին։

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 20 մարդու, որոնք կասկածվում են Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության և լրտեսական գործունեության մեջ։ Այս մասին հայտնել է Tasnim տեղեկատվական գործակալությունը։

Հրապարակման համաձայն՝ ենթադրյալ լրտեսները ձերբակալվել են Ուրմիա քաղաքում։ Այնտեղ իրավապահները նաև վնասազերծել են մի քանի վարձկան ցանցեր, որոնք կապ են ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱՀԱԼ-ի հետ։

«Այս անձինք համագործակցել են Իսրայելի հետ, այդ թվում՝ նրան փոխանցել են տվյալներ զինվորականների, ոստիկանների և անվտանգության ապահովմանը ծառայող այլ օբյեկտների տեղակայման մասին»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Նշվել է, որ ներկայում բոլոր 20 կասկածյալների նկատմամբ իրականացվում է քննություն։

Նրանք կմնան կալանքի տակ մինչև քննչական գործողությունների ավարտը՝ համապատասխան դատական որոշումների հիման վրա։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment