Մանկավարժականի ռեկտորի գործը մտել է հակակոռուպցիոն դատարան, և այն մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին։
Եվ այսպես, ըստ մեղադրական եզրակացության․
Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մարտի 19-ից զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը, հանդիսանալով համալսարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրա անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլնի, լիազորված լինելով ղեկավարելու համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, տնօրինելու համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, նախնական համաձայնության գալով պաշտոնատար անձ հանդիսացող համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ, նույն համալսարանի տրանսպորտային բաժնի պետ Ներսիկ Բաբիկի Մարգարյանի և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրեն Սերյոժա Սմբատի Արամյանի օժանդակությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։
Մարիաննա Ռուբենի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականից զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնը, հանդիսանալով համալսարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրա անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլնի, լիազորված լինելով իրականացնելու համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում, նախնական համաձայնության գալով պաշտոնատար անձ հանդիսացող համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ, նույն համալսարանի տրանսպորտային բաժնի պետ Ներսիկ Բաբիկի Մարգարյանի և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրեն Սերյոժա Սմբատի Արամյանի օժանդակությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։
Շուշանիկ Վալերիկի Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆինանսատնտեսական և գնումների համակարգման կենտրոնի ղեկավարի պաշտոնը, ընդունել է համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի և համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի՝ իր օգտին գործողություն կատարելու՝ համալսարանում տարբեր ֆուրշետ միջոցառումների կազմակերպման համար հիմնադրամի հաշվեկշռից ելքագրված և ամբողջությամբ նպատակային չծախսված, հիմնադրամի հաշվեկշիռ վերադարձման ենթակա գումարները տնօրինելու դիմաց վերջինիս կաշառք տալու առաջարկը։ Այնուհետև, օժանդակելով Մարիաննա Հարությունյանի և Սրբուհի Գևորգյանի կողմից իրենց ծառայողական լիազորությունները ի վնաս ծառայողական շահերին օգտագործելուն, 2024 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարիաննա Հարությունյանին տվել է 2.305.000 ՀՀ դրամի չափով կաշառք, ով էլ դրա մի մասը փոխանցել է Սրբուհի Գևորգյանին։
Բացի այդ, Շուշանիկ Անտոնյանը, զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆինանսատնտեսական, գնումների համակարգման և մատակարարման կենտրոնի ղեկավարի պաշտոնը, նախնական համաձայնության գալով պաշտոնատար անձ հանդիսացող համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Ռուբենի Հարությունյանի հետ, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կենտրոնի աշխատակից Երվանդ Սարգսյանի հաճախելիության վերաբերյալ մտցրել է կեղծ տեղեկություններ։
Անահիտ Գրիշայի Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետի պաշտոնը, ընդունելով համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի՝ իր օգտին գործողություն կատարելու՝ համատեղության կարգով միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պարտականությունները կատարողի պաշտոնում նշանակվելու դիմաց վերջինիս կաշառք տալու առաջարկը, 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ Մարիաննա Հարությունյանին տվել է 5․750․000 ՀՀ դրամի չափով կաշառք։
Բացի այդ, Անահիտ Գրիշայի Փանոսյանը, զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պարտականությունները կատարողի պաշտոնը, նախնական համաձայնության գալով պաշտոնատար անձ հանդիսացող համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Ռուբենի Հարությունյանի հետ, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կենտրոնի աշխատակից Վարդան Գևորգյանի հաճախելիության վերաբերյալ մտցրել է կեղծ տեղեկություններ։
Ներսիկ Բաբիկի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով համալսարանի տրանսպորտային բաժնի պետ, համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրեն Սերյոժա Սմբատի Արամյանի օժանդակությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։
Էդիկ Ավագիմի Գուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նույն համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։
Սերյոժա Սմբատի Արամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրեն, տրանսպորտային բաժնի պետ Ներսիկ Բաբիկի Մարգարյանի օժանդակությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։
Սամվել Միսակի Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետի պաշտոնը, ընդունելով համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի և համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի՝ իր օգտին գործողություն կատարելու՝ համատեղության կարգով համալսարանի մանկավարժահոգեբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչի պաշտոնում նշանակելու և «Սկոպուս» միջազգային գիտաչափական շտեմարանում հոդված տպագրելուն աջակցելու դիմաց վերջիններիս կաշառք տալու առաջարկը, 2025 թվականի փետրվարի 7-ին Մարիաննա Հարությունյանին տվել է 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ դրան հաջորդող երեք ամիսների ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 117.500 ՀՀ դրամի չափով կաշառք։
Վարդան Գևորգյանը, զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետի պաշտոնը, ունենալով աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պայմանագրով իր վրա դրված պարտականություններից խուսափելու նախնական դիտավորություն, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 685.388 ՀՀ դրամ գումարը։
Երվանդ Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆինանսատնտեսական, գնումների համակարգման և մատակարարման կենտրոնի մասնագետի պաշտոնը, ունենալով աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պայմանագրով իր վրա դրված պարտականություններից խուսափելու նախնական դիտավորություն, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 3.094.363 ՀՀ դրամ գումարը։
Քնար Մանուկյան