16 մարտի 2026 – 11:21 AMT
PanARMENIAN.Net – Սպասվում է 3 հրաշալի գարնանային օր՝ մարտի 17–19–ը կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին ֆեյսբ ուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզ սպասվում են 3 հրաշալի գարնանային օրեր, բայց ընդամենը 3»,-գրել է նա:
Միջերկրական ծովից ներթափանցած ուժեղ ցիկլոնի ազդեցությամբ վերջին երկու օրերին Հայաստանի ամբողջ տարածքում արձանագրվել են առատ տեղումներ։ Տեղումները հատկապես առատ են եղել Ամբերդի, Ապարանի, Հրազդանի, Ֆանտանի, Հանքավանի հատվածում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է 107մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի կրկնապատիկը։ Ձյան ծածկի բարձրությունը Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 234սմ, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ։
Մարտի 16-ի ցերեկը և 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կշարունակվեն, մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 19-ին ուշ երեկոյան և մարտի 20-ին կրկին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները երկրի ամբողջ տարածքում կվերսկսվեն։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: