Ազգային պարը՝ որպես ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական բարեկեցության աղբյուր ավագ սերնդի համար․ «Երկրորդ շնչառություն»

«Ժողովրդական պարերը բարդ չեն, դրանք զանգվածային են ու ներառական. մասնակցային այդ գործընթացը չի կարող բարդ լինել»․ սա «Մենք» կրթամշակութային ՀԿ-ի հիմնադիր Ստեփան Թորոյանի կարծիքն է: Ըստ նրա՝ 2012-ին հիմնադրված կազմակերպությունն արդեն 14 տարի զբաղվում է ազգային պարի տարածմամբ։ Խմբերում պարեր են սովորում 9-ից մինչև 90 տարեկան մարդիկ, իսկ սիրողական խմբերում մեծ թիվ են կազմում 40, 50 և 60-ն անց անձինք:

«Համայնքային պարերը մեծամասամբ այնպիսին են, որ հեշտ է մտնել շարք ու պարել: Մեծահասակներին ներգրավելու հատուկ նպատակ չի եղել. ոմանք եկել են, որովհետև նախկինում պարել են և ցանկացել են շարունակել, շատերն էլ նոր են որոշել սկսել»,— պատմում է Ստեփանը:

Տարեցների համար ազգային պարում ներգրավվածությունը կարևոր է մի քանի առումներով՝ ֆիզիկական (մարզվում և ամրանում են մկանները), սոցիալական (ձեռք են բերում նոր միջավայր և դրական լիցքեր) և հոգեբանական (սերունդների միջև կապի ամրապնդում):

«Ազգային պարը մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն է, և երբ դրանով զբաղվում են տարեցները, ավելի մեծ կշիռ ու արժեք են տալիս՝ սնվելով արմատներից»,- եզրափակում է պարուսույցը՝ տեղեկացնելով, որ ընդունելությունը բաց է բոլոր ցանկացողների համար:

Leave a Comment