Ուլտրաձայնային հետազոտությունն ախտորոշիչ մեթոդների շարքում առաջնակարգ տեղ է զբաղեցնում՝ բարձր տեղեկատվության, բուժառուի առողջությանը վնաս չպատճառելու շնորհիվ։ Այլ առավելությունների, տարածված հիվանդությունների վաղ ախտորոշման մասին 168TV-ի եթերում զրուցել ենք բժիշկ-ճառագայթաբան Մելինե Նավասարդյանի հետ։

– Ուլտրաձայնային հետազոտության՝ սոնոգրաֆիայի մասին շատ են խոսում․ որո՞նք են առավելությունները։
– Սոնոգրաֆիկ հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, ձայնային ալիքների միջոցով կատարվող հետազոտություն է, որի ընթացքում մենք կարողանում ենք մոնիտորի վրա վերծանել օրգան-համակարգերում տեղի ունեցող փոփոխությունները։ Այն ճառագայթային հետազոտություն չէ, ցուցված է և՛ երեխաներին, և՛ հղիներին։
– Բժիշկները հորդորում են ամեն տարի կատարել սոնոգրաֆիա, սակայն թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, հատկապես ո՞ր օրգանների հետազոտությանը պետք է տան առաջնայնությունը։
– Բոլոր օրգան-համակարգերը կարևոր են, յուրաքանչյուրը կատարում է իր ֆունկցիան, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս տարին մեկ կատարել պրոֆիլակտիկ հետազոտություններ։
Եթե կա խնդրի առկայություն՝ գալիս են բժշկի ցուցումով, եթե ոչ՝ պրոֆիլակտիկ նպատակներով։ Կանանց մոտ առավել շատ հայտնաբերվում են՝ վահանաձև գեղձի, կրծքագեղձի, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի, ճարպային լյարդի խնդիրներ։
– Ճարպային լյարդի պատճառները որո՞նք են։
– Նյութափոխանակության խանգարման ֆոնին տեղի է ունենում ճարպային ինֆիլտրացիա, տեսնում ենք ճարպային հեպատոզ ասվածը, որը շատ հաճախ սոնոգրաֆիկ հետազոտությամբ 1-4-րդ աստիճանում է, իսկ էլաստոգրաֆիան թույլ է տալիս վաղ ախտորոշել թաքնված ֆիբրոզը։
– Տղամարդու մեծ որովայնը կապ ունի՞ ճարպային լյարդի հետ։
– Ոչ միշտ է գեր տղամարդկանց մոտ հայտնաբերվում ճարպային հեպատոզ։
-Վահանաձև գեղձի հիվանդությունները, ինչպես ասացիք, տարածված են: Ո՞ր նշանների դեպքում պետք է դիմել հետազոտության։
– Նշանները տարբեր են, կապված է նրա հետ՝ գերֆունկցիա՞ է, թե՞ թերֆունկցիա։ Կարող է լինել ճնշման բարձրացում կամ, հակառակը, հաճախակի անկում, սրտխփոց, ակնագնդերի մեծացում, քրտնարտադրություն, քաշի ավելացում կամ նվազում, դյուրագրգռություն։ Սակայն հաճախ պրոֆիլակտիկ հետազոտությունների ընթացքում կարող ենք տեսնել վահանաձև գեղձի պապիլյար ուռուցքները, և երբ բուժառուին հարցնում ենք, թե ի՞նչ գանգատներ ունեն, ասում են՝ ոչ մի։ Այսինքն, պրոֆիլակտիկ հետազոտության ընթացքում կարողանում ենք հայտնաբերել ուռուցքային խնդիրները։
Հաճախ լինում է, որ վահանաձև գեղձի հորմոնների անալիզի պատասխանները դրական են լինում, ասել է թե՝ հորմոնալ շեղում չկա, իսկ սոնոգրաֆիայի ժամանակ վահանաձև գեղձում տեսնում ենք պապիլյար կարցինոմա կամ մոդուլյար ուռուցքներ։

– Կրծքագեղձի դեպքում ևս պատահաբա՞ր են ուռուցքները բացահայտվում։
– Կանանց մոտ հաճախ ցավեր են լինում կրծքագեղձի, թևատակի հատվածում՝ հատկապես դաշտանային ցիկլից առաջ, օվուլյացիայի ընթացքում։ Խոսքը դիֆուզ-ֆիբրոզ փոփոխությունների մասին է։ Իսկ ուռուցքների դեպքում գրեթե ցավեր չկան, ավելի ուշ շրջանում, երբ արդեն ախտահարում է լինում, նոր դիմում են բժշկի։
– Սկրինինգային ծրագրերը որքանո՞վ են նպաստում, որ դիմեն հետազոտության։
– Սկրինինգային հետազոտությունները կանխարգելիչ հետազոտություններ են, ուղղված են քաղցկեղի վաղ հայտնաբերմանը։ 45 տարեկանից բարձր տղամարդկանց ցուցված է շագանակագեղձի սկրինինգը, որը ներառում է PSA թեստ և սոնոգրաֆիա։ Կարող ենք սոնոգրաֆիայի ժամանակ ոչինչ չտեսնել, քանի որ գեղձը չափերով մեծացած չի լինում և այս դեպքում ցուցված է ՄՌՏ հետազոտությունը։
– Փոքր կոնքի և որովայնի օրգանների հետազոտության դեպքում ինչպե՞ս ներկայանալ։
– Կան տեխնիկաներ և մարդիկ պետք է տեղեկացված լինեն, թե ինչպես գրագետ մոտենան սոնոգրաֆիկ հետազոտության։ Կարևոր է, թե ի՞նչ օրգան-համակարգ ենք նայելու։ Օրինակ, որովայնի խոռոչի հետազոտության դեպքում պարտադիր է անոթի ներկայանալը, որովհետև մեկ կում ջուրն էլ կարող է լեղապարկը կրճատել և բաց թողնենք անգամ փոքր չափի պոլիպը։ Կարևոր է, որ աղիները նախապես գործած լինեն, քանի որ աղիների փքվածությունը՝ մետեորիզմը, կարող է խանգարել լիարժեք վիզուալիզացիային։
Փոքր կոնքի սոնոգրաֆիայի դեպքում պարտադիր է, որ միզապարկը գերլիքը լինի։ Կանայք փոքր կոնքի դեպքում պետք է հետազոտվեն անմիջապես դաշտանային ցիկլից հետո, որպեսզի ճիշտ կարողանանք գնահատել ձվարանի ֆոլիկուլյար պաշարը, լորձաթաղանթը։
– Երեխաների դեպքում ի՞նչ խնդիրներ են բացահայտվում։
– Նույն վահանաձև գեղձի խնդիրները, եթե գենետիկ է։ Հայտնաբերվում են էխինակոկային կիստաներ, հեմանգիոմաներ։ Գրեթե նույն խնդիրները, որոնք կան մեծահասակների մոտ, կարող ենք հայտնաբերել երեխաների մոտ։

– Քանի որ տարածված են վահանաձև գեղձի, կրծքագեղձի հիվանդությունները, հետաքրքիր է՝ եթե մայրը հետազոտվեց, բացահայտվեց, որ խնդիր կա, տատիկը կամ դուստրը և՞ս պետք է հետազոտվեն։
– Ցանկալի է, որովհետև յուրաքանչյուր հիվանդության հիմքում ժառանգականությունը մեծ դեր ունի։ Դեպք եմ հիշում, երբ աուտոիմուն թիրեոդիտ ունեին տատիկը, աղջիկը և թոռնուհին, ավելին՝ հանգույցները նույն բլթում, նույն չափի էին․ ես զարմացած էի։