Իրանի հարցում որևէ գործարք Ուկրաինայի համար «նախադեպային» չէ •

Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման մի քանի առաջարկություններ է արել՝ ներառյալ հրաստացված ուրանի իրանական պաշարները Ռուսաստան տեղափոխելու և պահպանելու մասին:

Այդ մասին հայտնել է «իրավիճակին լավատեղյակ» մի ամերիկացի պաշտոնյա: Նա բացահայտել է, որ ԱՄՆ նախագահը «մերժել» է Պուտինի առաջարկը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցի աղբյուրի, «խնդիրն այն է, որ հարստացված ուրանի իրանական պաշարները պետք է անցնեն Միացյալ Նահանգներին»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ թե անցյալ, թե այս տարվա բանակցությունների շրջանում Մոսկվան այդ գաղափարը տարբեր մակարդակներով հնչեցրել է: Վերջին անգամ Իրանի ոչ պաշտոնական, բայց ամենայն հավանականությամբ ռազմաքաղաքական վերնախավում համաձայնեցված տեսակետը տարեսկզբին հնչեցրել է նախկին արտգործնախարար Զարիֆը:

Նա ասել է, որ Ղաջարների թագավորության շրջանց ի վեր Ռուսաստանը «երբեք Իրանի բարեկամը չի եղել, ուստի նրան ոչ մի, առավել ևս՝ հարստացված ուրանի պաշարներն ի պահ տալու հարցում չի կարելի վստահել»:

Այս համատեքստում Իրանը չափազանց «զգայուն» դիվանագիտական քայլ է անոնսավորել: Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին երկրի իշխանություններին կոչ է արել Ուկրաինայի «ողջ տարածքը ճանաչել հարձակման համար օրինական թիրախ»:

Իրանցի խորհրդարանականը հիմնավորել է, որ դրոնային աջակցություն ցույց տալով իսրայելական ռեժիմին… Ուկրաինան փաստացի վերածվել է պատերազմող կողմի, ուստի ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն իր ամբողջ տարածքը դարձրել է Իրանի համար օրինական թիրախ»:

Իրանի դեմ Ուկրաինայի ցանկացած քայլ կարելի է նույնպես հիմնավորել Իբրահիմ Ազիզի փաստարկով, դրոնային և տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելով Ռուսաստանին, Իրանը իր ամբողջ տարածքը դարձրել է ուկրաինական հարձակման օրինական թիրախ, և իրանցի խորհրդարանականը հազիվ թե դա չգիտի կամ չի կանխատեսում, որ Կիևից նույն մակարդակով համարժեք պատասխանը իրեն երկար սպասեցնել չի տալու:

Այդ դեպքում ո՞րն է Ուկրաինան «օրինական թիրախ» հռչակելու՝ Իրանի մտադրության բուն մոտիվացիան, պատերազմի աշխարհագրության ընդլայնո»ւղմը: Ավելի վաղ Իրանը սպառնացել է նաև եվրոպական երկրների:

Հայտնի է դարձել, որ իրանական հրթիռները Էրբիլի շրջանում վնասել են Գերմանիայի հենակայաններից մեկը: Հնարավոր է, Թեհրանը ձգտում է կանխել ԱՄՆ կողմից պատերազմին երվրոպական երկրների մասնակցությունը:

Ուկրաինայի դեպքում, կարծես, ենթատեքստն ավելի խորքային է: Իրանը, որքան հասկացվում է, պատերազմի ավարտի մասին սուվերեն պատկերացում ունի: Ընդհանուր առմամբ, հավանաբար, այն ենթադրում է զուտ երկկողմ՝ Իրան – ԱՄՆ համաձայնություն:

Իրանցի պատգամավորը փաստացի հասկացրել է, որ Իրանի շուրջ իրավիճակը չի կարող Ռուսաստան – Միացյալ Նահագներ սեպարատ պայմանավորվածությունների առարկա լինել:

Ընդ որում, ուկրաինական կողմն էլ վերջին օրերին բավական թափանցիկ ակնարկել է, որ Իրանի հարցում որևէ գործարք Ուկրաինայի համար «նախադեպային» չէ:

Իրանը, չնայած կրած ահռելի կորուստներին, պատերազմի առաջին կես ամսվա փորձությունը հիմնականում հաղթահարել է պատվով: Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային նույնիսկ արձանագրել է, որ «հակառակորդը գտնվում է թռիչքի անկման հետագծում, մնում է ճշտորոշել վճռական հարվածի պահը և կոորդինատները»:

Ասվածը, գուցե, դիվանագիտական չափազանցություն է, բայց ակնառու է, որ հետկոնֆլիկտային Իրանը, եթե նրան հաջողվի պահպանել քաղաքական ամբողջությունը, ներքին անվտանգության համակարգը և ռազմատեխնոլոգիական ներուժի վերականգնողականությունը, չի լինելու այն երկիրը, որն էր փետրվարի 27-ին:

Leave a Comment