
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Ո՞ւմ համար է զարմանալի այդ որոշումը: Ըստ իս, այն զարմանալի չէ:
Այստեղ էական է արձագանքը: Բնականաբար, սա գնահատվում է ապարդարադատություն: Սա հասկանալի է, այստեղ, այսպես ասած, մեկնաբանության կարիք էլ չկա:
Դիտարկենք իրավիճակի քաղաքական ասպեկտը: Այստեղ ես գուցե շարունակեմ «տարբերվել» ընդունված գնահատականներից: Իմ մեկնաբանությունը եղել ու շարունակում է լինել այն, որ Սամվել Կարապետյանի հանդեպ այս գործողությունները միայն ու միայն օգտակար են նրա քաղաքական նախագծի համար: Բնականաբար խոսքն այն մասին չէ, որ Կարապետյանն ու նրա թիմը պետք է երջանիկ լինեն հետապնդման այդ գործընթացից:
Քաղաքականությունը երջանկության ու դժբախտության մասին չէ, այլ օգտակարն ու անօգտակարը հաշվելու, կշռելու, հարաբերակցությունը հանրագումարի բերելու և առավելագույնը քաղելու մասին: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, Կարապետյանի հանդեպ ապարդարադատական գործընթացի հանրագումարը նրա համար պարունակում է ավելի շատ հնարավորություն, քան հակառակը:
Հետևաբար, հարցն այստեղ այն է, թե ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը, ինչ էֆեկտիվությամբ: Այստեղ շատ կարևոր է դառնում հենց այն «մենեջարական» պոտենցիալը, որ ունի Կարապետյանն՝ ինքը, և անկասկած կա նրա՝ առնվազն կողքին: Բայց այդ մենեջերությունը բնականաբար պետք է զուգահեռվի նաև քաղաքական բովանդակությամբ ու կոնցեպտով, լիարժեք հաջողության հավանականությունը բարձրացնելու համար:
Այստեղ կրնեմ վերստին. Սամվել Կարապետյանի գործոնը ես դիտարկում եմ Հայաստանում իրավիճակ փոխելու՝ առնվազն միջնաժամկետ շրջափուլում բացառիկ շանս: Կարելի է ժամերով խոսել այդ գործոնի թերությունների, խնդիրների, հնարավոր բացասական ազդեցությունների և այլնի մասին, խոսել ժամերով ու օրերով: Ինձ համար, սակայն, իրավիճակի չափումը հետևյալն է՝ Հայաստանում իրավիճակի փոփոխությունը կենսական հրամայական է, բոլոր իմաստներով: Ես ապոկալիպտիկ կանխատեսումներ չէ, որ անում եմ: Ընդամենը արձանագրում եմ իրողությունները:
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարող ուժի «առաջնորդությամբ» բացվել է առերևույթ, բայց ճահճացել է բևեռացված ծայրահեղականությունների «փոսում»: Դա բերում է արդեն շատ լուրջ մետաստազների ռիսկերի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ըստ այդմ, այդ փոսից դուրս գալը կենսական հրամայական է: Դրա բացառիկ միջոց է Սամվել Կարապետյանի քաղաքական նախագիծը: Դրա իդեալական կամ երազանքի միջոց չէ, բայց դրա բացառիկ գործուն միջոց է իրական ներուժի իմաստով»։