Ուկրաինայի ամբողջ տարածքը կարող է դառնալ հարվածների օրինական թիրախ․ Իրան

Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքը կարող է դառնալ Իրանի հարվածների օրինական թիրախ՝ Իսրայելին ցուցաբերած օգնության պատճառով։ Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան աջակցում է Իսրայելին անօդաչու թռչող սարքերով, ապա փաստացի ներքաշվում է հակամարտության մեջ։  Ազիզին նշել է, որ այդ դեպքում, ըստ Միավորված ազգերի կազմակերպությունի կանոնադրության 51-րդ հոդվածի, Ուկրաինայի ամբողջ տարածքը կարող է դիտարկվել որպես Իրանի օրինական թիրախ։

«Իսրայելի ռեժիմին անօդաչու թռչող սարքերով աջակցելով՝ փլուզված Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի օրինական թիրախի»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ, Կիևի և Թել Ավիվի միջև անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համապատասխան մասնագետներ է ուղարկել Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իսրայելական ռազմական արշավը Իսլամական Հանրապետության դեմ մտնում է իր երրորդ շաբաթը։ Այս ընթացքում երկու կողմերը հարվածներ են փոխանակել։ Թել Ավիվը հայտարարել է, որ իր նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել երկրի ռազմական ներուժը և կոչ է արել քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Մինչդեռ Իրանը ընդգծել է ինքնապաշտպանվելու իր պատրաստակամությունը և իմաստ չի տեսնում բանակցությունները վերսկսելու մեջ։

Leave a Comment