Ո՛չ, պարոնայք ՔՊ-ականներ, դուք սխալվում եք….


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս շիրակցի մի ՔՊ-ական սոցիալական ցանցում գրել էր․ «Մենք ընտրում ենք խաղաղությունը։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է…»։

 

Սա այն պարզեցված և վտանգավոր թեզերից է, որով օրվա իշխանությունները փորձում են հասարակությանը կանգնեցնել կեղծ ընտրության առաջ՝ իբր կա միայն երկու տարբերակ՝ կամ պատերազմ, կամ այն, ինչ այսօր կոչվում է «խաղաղություն»։

Բայց ճշմարտությունը այլ է։

 

Ո՛չ, պարոնայք ՔՊ-ականներ, դուք սխալվում եք։

 

Խաղաղության այլընտրանքը պատերազմը չէ։ Խաղաղության իրական այլընտրանքն արժանապատիվ խաղաղությունն է։

Այն խաղաղությունը, որը ձեռք է բերվում ուժեղ պետությամբ, հստակ դիրքորոշմամբ, ազգային արժանապատվությամբ և սեփական շահերը պաշտպանելու կարողությամբ։

 

Այն խաղաղությունը, որը չի կառուցվում միակողմանի զիջումների, պարտադրված պայմանների և ազգային արժանապատվության հաշվին։

Պատմությունը շատ պարզ օրենք ունի․ խաղաղությունը մուրացողներին չեն տալիս։

 

Խաղաղությունը պարտադրում են՝ ուժով, պետական կամքով, դիվանագիտական հմտությամբ և ազգային միասնականությամբ։

Ով չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, նա վաղ թե ուշ կորցնում է նաև իր «խաղաղությունը»։

 

Հայ ժողովուրդը երբեք չի ընտրել խոնարհում՝ խաղաղության անվան տակ։

 

Մենք ընտրել ենք պայքարել, պաշտպանել մեր հողը, մեր արժանապատվությունը և մեր պետականությունը։

Ուստի հասարակությանը մի դրեք կեղծ ընտրության առաջ։

 

Հայ ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե ցանկացած խաղաղություն, այլ ուժեղ պետության կողմից կերտված արժանապատիվ խաղաղություն։

Որովհետև միայն այդպիսի խաղաղությունն է երկարատև։

 

Մնացածը պարզապես ժամանակավոր դադար է….»

Leave a Comment