ԱՆԺԵԼԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Փետրուարի 21-ը ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր համաժողովի կողմից սահմանուել է Մայրենի լեզուի միջազգային օր:
Որպէս յիշեցում այն մասին, որ լեզուն ոչ միայն հաղորդակցութեան միջոց է, այլեւ` ժողովուրդների գոյութեան, ինքնութեան եւ մշակութային բազմազանութեան պահպանման հիմնասիւն: Հայ ժողովրդի պատմութեան մէջ այս ճշմարտութիւնն ունի բացառիկ եւ կենսական նշանակութիւն:
Լեզուն` որպէս գոյատեւման առանցք
Հայոց լեզուի դերը հայ ազգային ինքնութեան պահպանման գործում եզակի է, քանի որ դարեր շարունակ հայ ժողովուրդը գոյատեւել է առանց պետականութեան եւ անկախ պետութեան: Այդ պայմաններում լեզուն դարձել է այն առանցքը, որի շուրջ պահպանուել են` ինքնութիւնը, հաւատը, մշակոյթը եւ պատմական յիշողութիւնը:
Դեռեւս 5-րդ դարում հայ մտաւոր եւ քաղաքական վերնախաւը գիտակցում էր, որ լեզուն է ազգի փրկութեան եւ գոյատեւման հիմնական միջոցներից մէկը: Պատահական չէ, որ հէնց այդ ժամանակ է ծագում հայոց գրերի ստեղծման գաղափարը: Հայաստանը գտնւում էր Պարսկաստանի եւ Բիւզանդիայի տիրապետութեան տակ, եւ գնալով աւելի օրհասական էր դառնում հայի` որպէս ինքնուրոյն ազգ գոյութիւն ունենալու խնդիրը:
Գոյութիւն ունէր ոչ միայն կրօնական, այլեւ լեզուական ձուլման լուրջ վտանգ: Թէեւ ժողովուրդը խօսում էր հայերէն, սակայն սեփական գիր չունէր, իսկ արքունիքի, պետական կառավարման եւ պաշտօնական գրագրութեան լեզուներն օտար էին` պարսկերէն, յունարէն, ասորերէն: Սա յանգեցնում էր նրան, որ աստիճանաբար թուլանում էին ազգային եւ պետական ինքնութեան հիմքերը:
Լեզուն է ձեւաւորում եւ փոխանցում`
– Ազգային ինքնութիւնը,
– Քաղաքակրթական եւ մշակութային պատկանելութիւնը,
– Պետական ու հոգեւոր միասնականութիւնը,
– Քաղաքական կողմնորոշումը:
Այս բոլոր գործառոյթները զրկուած էին ամուր հիմքից, քանի դեռ հայ ժողովուրդը չունէր սեփական գիր եւ պետական լեզու: Այսպէս առաջացաւ հայոց գրերի ստեղծման կենսական անհրաժեշտութիւնը` որպէս ազգային ինքնութեան, պետական կառավարման եւ Եկեղեցու կայացման եւ պահպանման միջոց:
Բայց այսօր մեր կեանքի բազմաթիւ ոլորտներում տեղի է ունենում նահանջ մեր ինքնութիւնից, իսկ դրանցից մէկն էլ ընկերային ցանցերում մայրենի լեզուով` հայատառ չգրելն է:
Ընկերային ցանցերում մայրենի լեզուով չգրելու խնդիրը
Թուային մեր այս դարաշրջանում ընկերային ցանցերը դարձել են հաղորդակցութեան հիմնական հարթակներից մէկը: Սակայն հէնց այդ միջավայրում այսօր առաւել ակնյայտ է դառնում մի մտահոգիչ երեւոյթ` մայրենի լեզուով չգրելը կամ այն երկրորդ կարգ մղելը: Խնդիրը միայն լեզուական չէ. այն ունի խորքային` մշակութային, հոգեբանական եւ ազգային ինքնութիւնը վտանգող հետեւանքներ:
Ընկերային ցանցերում մայրենի լեզուով չգրելու հիմնական պատճառներից են.
– Օտարալեզու յաւելուածների գերակայութիւնը,
– Սովորութիւնը, ինչն էլ իր հերթին պայմանաւորուած է օտարալեզու այդ յաւելուածների գերակայութեամբ,
– Լեզուական գիտելիքների պակասը ի ցոյց դնելու, լեզուական սխալներ անելու մտավախութիւնը,
– Օտար լեզուով ստացած կրթութիւնը,
– Բազմալեզու միջավայրը,
– Ընկերային միջավայրի ճնշումը,
– ժամանակի խնայողութեան պատրուակը եւ այլն:
Այս բոլոր պատճառների հետեւանքով տեղի է ունենում մէկ պարզ, բայց վտանգաւոր երեւոյթ` ազգային ինքնութեան թուլացում: Լեզուն միայն հաղորդակցման մեքանիկական միջոց չէ: Այն մտածողութիւն է, հոգեբանութիւն, աշխարհընկալում, արժէքային համակարգ ձեւաւորող եւ ազգային ինքնութեան հիմնական ցուցիչ: Մարդը մտածում է իր լեզուով, ընկալում իրականութիւնը լեզուի միջոցով եւ այդ լեզուի մէջ է կրում իր պատմական յիշողութիւնը:
Նէյրոլեզուաբանութիւնն իր հերթին փաստում է, որ մայրենի լեզուն ուղեղում ձեւաւորւում է ամենախորը շերտերում: Այն առաջին լեզուն է,
– Որով ձեւաւորւում է մտածողութիւնը,
– Որով մարդը զգում է, երազում, արձագանգում այս կամ այն երեւոյթին,
– Կապւում է յոյզերի, յիշողութեան եւ ինքնութեան կենտրոնների հետ (լիմպիկ համակարգ):
Այդ պատճառով է, որ մարդը կարող է գերազանց խօսել օտար լեզուով, բայց ամենախորը զգացումներն արտայայտում է մայրենիով:
Պատահական չէ, որ օտար նուաճողները կամ այն պետութիւնները, որոնք իրենց ենթակայութեան տակ են վերցրել այլ ազգերի, առաջին հերթին սահմանափակել կամ արգելել են նրանց մայրենի լեզուի կիրառութիւնը` կրթութեան, կառավարման եւ հանրային կեանքի ոլորտներում: Այս գործընթացը յայտնի է որպէս լեզուական ձուլում եւ պատմութեան ընթացքում եղել է ազգերի ձուլման ամենաարդիւնաւէտ գործիքներից մէկը: Քանի որ մէկ բան յստակ է. ով վերահսկում է լեզուի եւ կրթութեան դաշտը, նա էլ ձեւաւորում է ապագայ քաղաքացու ինքնութիւնը: Եւ եթէ լեզուն այդքան կարեւոր է պետական մակարդակում, ապա նոյնքան կենսական պէտք է լինի նաեւ անհատի եւ համայնքի մակարդակում:
Վտանգները
Մայրենի լեզուով չգրելու շարունակական փորձը բերում է լեզուի աղքատացման, կիսագրագիտութեան տարածման, սերունդների միջեւ լեզուական կապի խզման, մշակութային յիշողութեան թուլացման եւ, երկարաժամկէտ առումով, մայրենի լեզուի դուրս մղման հանրային ու թուային տարածքներից, ինչպէս եւ, որ ամենավտանգաւորն ու ցաւալին է, բերում է աննկատ նահանջի ազգային ինքնութիւնից:
Այս հարցն առաւել հրամայական է սփիւռքում, որտեղ հայն ապրում է բազմալեզու, օտար միջավայրում: Այստեղ լեզուի չգործածումը շատ աւելի արագ է յանգեցնում ինքնութիւնից նահանջի, քանի որ մայրենի լեզուն յաճախ վերջին եւ երբեմն միակ կապն է ազգային ինքնութեան հետ:
Հայատառ գրելը եւ ինքնութեան հարցը
Հայատառ գրելու թեման յաճախ ուղեկցւում է ծայրայեղական ընկալումներով, ինչը կարեւոր է յստակեցնել: Հայատառ գրելն ինքնին չի նշանակում, որ տուեալ մարդը 100 տոկոսով հայրենասէր է, եւ նոյնքան սխալ կը լինի պնդել, թէ ով չի գրում հայատառ, հայրենասէր չէ:
Սակայն փաստը մնում է փաստ. հայատառ գրելը եւ հայի ինքնութիւնն անքակտելիօրէն կապուած են իրար հետ: Դրանք փոխկապակցուած են, փոխպայմանաւորուած եւ միմեանց ամրացնող: Յատկապէս սփիւռքում հայ մնալու, ինքնութիւնից չնահանջելու կարեւորագոյն պայմաններից մէկը մայրենի լեզուի պահպանումն է:
Հայը, որտեղ էլ լինի, ամէն բան պէտք է անի, որ սովորի հայերէն` ինքնուրոյն, կազմակերպուած դասընթացների միջոցով կամ համայնքային շրջանակներում: Իսկ եթէ այդ հնարաւորութիւնը սահմանափակ է, ապա լեզուական բացը պէտք է լրացուի այլ ճանապարհներով`
– Ընտանիքում հայկական միջավայր պահպանելով,
– Մշակոյթին, պատմութեանը, աւանդոյթներին հաղորդակից լինելով,
– Ազգային յիշողութիւնը փոխանցելով:
Սակայն այս ամէնը հնարաւոր է միայն մէկ նախապայմանով` եթէ կ’արեւորուի մայրենի լեզուի դերը: Ամէն ինչ սկսւում է կարեւորելուց:
Այս համատեքստում խօսուն օրինակ է համաշխարհային ճանաչում ունեցող գրող Վիլեամ Սարոյեանը: Թէեւ նա հայերէն գրել չի կարողացել եւ իր ստեղծագործութիւնները գրել է անգլերէն լեզուով, սակայն ամբողջ աշխարհին ներկայացել է որպէս հայ գրող: Սարոյեանն ինքն է ձեւակերպել իր լեզուական եւ ազգային ինքնութեան էութիւնը հետեւեալ խօսքերով. «ես հայերէն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»:
Սարոյեանի ստեղծագործութիւններում հայը մշտապէս ներկայ է` իր հոգեբանութեամբ, յիշողութեամբ, ընտանեկան կապերով, ազգային սովորոյթներով ու բարքերով: Նրա հերոսների մեծ մասը հայեր են, որոնք ապրում են հայկական միջավայրում, կրում են հայրենիքի պատմական յիշողութիւնը, Ցեղասպանութեան ցաւը, սփիւռքահայի ինքնութեան բարդոյթն ու հայրենիքի կարօտը:
Այս օրինակը եւս մէկ անգամ ցոյց է տալիս, որ նոյնիսկ այն դէպքում, երբ լեզուի գործածումը սահմանափակ է, մայրենի լեզուն ներսում ապրեցնելն ինքնութեան պահպանման առանցքային գործօն է: Իսկ երբ այդ լեզուով ոչ միայն մտածում են, այլեւ այն գործածում յատկապէս հանրային եւ թուային տարածքներում, ինքնութիւնը դառնում է աւելի պաշտպանուած եւ կենսունակ:
Սարոյեանը թերեւս բացառութիւն է, ոչ թէ մոտել, քանի որ Սարոյեանը կարող էր չգրել հայերէն, բայց նա ունէր հայերէնով ձեւաւորուած զգայական յիշողութիւն, կրում էր մայրենի լեզուով կառուցուած աշխարհընկալում: Այսինքն նրա ուղեղում հայերէնը ներկայ էր որպէս ինքնութեան լեզու, նոյնիսկ եթէ գրաւոր արտայայտութիւնը այլ լեզուով էր: Միւս բոլոր դէպքերում մայրենի լեզուն չգործածելը յանգեցնում է ինքնութեան քայքայման:
Ինչպէ՞ս յաղթահարել խնդիրը թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում
Լուծումը պահանջում է գիտակցուած մօտեցում: Անհրաժեշտ է թեքնիք աջակցութիւն, կրթական համակարգի եւ յատկապէս ուսուցիչների ու մտաւորականների օրինակելի դերակատարում, ինչպէս նաեւ` մայրենի լեզուով բովանդակութեան աշխուժ խրախուսում ընկերային ցանցերում:
եզրակացութիւն
Մայրենի լեզուով գրելը ընկերային ցանցերում պարզապէս լեզուական ընտրութիւն չէ: Դա ինքնութեան պահպանման, մշակութային դիմադրութեան եւ քաղաքացիական պատասխանատուութեան դրսեւորում է:
Փետրուարի 21-ը ոչ միայն տօն է, այլեւ` յիշեցում. եթէ լեզուն ապրում է թուային տարածքում, այն կ՛ապրի նաեւ ապագայում, իսկ եթէ լռում եւ նահանջ է ապրում այնտեղ, ապա վտանգւում են ազգի ինքնութիւնն ու հետագայ լինելիութիւնը: