Վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր բաղադրիչներից է։ Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ ընդգծելով, որ դա կհեշտացնի ճանապարհորդությունը աշխատանքի, ուսման և զբոսաշրջության նպատակներով, որն էլ իր հերթին կնպաստի համագործակցության խորացմանը և մարդկանց միջև կապերի ընդլայնմանը:
«Անցյալ տարվա նոյեմբերին մենք փոխանցեցինք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, և այն ժամանակից ի վեր արձանագրվել է կայուն առաջընթաց, հատկապես փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում։ Կենսաչափական նույնականացման փաստաթղթերի ներդրումը կարևոր քայլ է, և ինչպես հասկանում եմ, այն շուտով կգործարկվի:
Բարեփոխումները շարունակվում են նաև ապաստանի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ ԵՄ գործընկերների և այնպիսի գործակալությունների աջակցությամբ, ինչպիսիք են Europol-ը և Frontex-ը»,-նշեց ԵՄ հանձնակատարը:
Վիզաների ազատականացումը չափանիշների վրա հիմնված գործընթաց է, ուստի գործողությունների ծրագրում նշված բոլոր պահանջները պետք է կատարվեն մինչև վերջնական որոշման ընդունումը՝ ոչ միայն ԵՄ-ի, այլ առաջին հերթին՝ Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով։ Առաջընթացի առաջին զեկույցը կներկայացվի 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում։
«Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ Դա նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար կրթության, բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների ոլորտներում և էլ ավելի կամրապնդի կապերը Հայաստանի և Եվրոպական միության միջև»,-հայտարարեց Մագնուս Բրունները: