13 մարտի 2026 – 18:41 AMT
PanARMENIAN.Net – Դատարանը շարունակում է մերժել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա տեսակցել է Վազգեն Սաղաթելյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
«Վազգենի՝ իրավական տեսանկյունից անբացատրելի, իսկ քաղաքական առումով՝ ընդգծված գույներով կալանավորումը անընդհատ հիշեցնում է երկրում առկա քաղաքական հաշվեհարդարների պրակտիկայի մասին։
Դատարանը շարունակում է մերժել Վազգենի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքն այս դեպքում ևս որպես պատիժ է գործածվում։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,-ասվում է գրառման մեջ:
Սաղաթելյանը հունվարի 29-ի դատական նիստում , որտեղ հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը, ասել էր, որ «բացահայտ քաղաքական հետապնդում է, որ որևէ կապ չունի արդարադատության, իրավունքի հետ»: Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ:14 օրյա հացադուլից հետո Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:_Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: