Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր

Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, տեղեկացնում են Մայր Աթոռից։

Ըստ հրապարակման՝ եկեղեցին քննարկել է կարգալույծ Արման Սարոյանի՝ իշխանության մարմինների «ապօրինի աջակցությամբ թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը խոչընդոտելը»՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։

Անդրադարձ են կատարել նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք ըստ ժողովիի մասնակիցների, սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է իբրև հարմար պատրվակ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար։

ԳՀԽ-ն մերժելի է նկատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։

2026թ․ սեպտեմբեր ամսին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Վերջինս ժողովականներին ներկայացրեց կատարված նախապատրաստական աշխատանքները և ժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն ու առաջարկությունները։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Հոգևորականները նշել են՝ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ ԳՀԽ հաստատեց, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը ԶՈՒ-ում։

ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել վեհափառի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել էր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ կաթողիկոսի բացակայությամբ ժողովը դառնում է Եպիսկոպոսաց հավաք:

Կարդացեք նաև՝ 

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Leave a Comment