Կարապետյան․ Իշխանությունները, պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում

Կարապետյան․ Իշխանությունները, պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում

13 մարտի 2026 – 18:10 AMT

PanARMENIAN.Net – Իշխանության հիմնական մրցակից համարվող գործարար Սամվել Կարապետյանն արդեն մոտ 9 ամիս կալանքի տակ է, ինչի հետևանքով չի կարող շփվել հասարակության հետ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանի դիմաց:

«Փաստացի, իշխանությունը պայքարում է միայն նրա նկարի դեմ և այդտեղ էլ է պարտվում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նրա բնորոշմամբ, Հայաստանը ընտրական պրոցեսներից առաջ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել:

«Տարօրինակ բան կա՝ իշխանության հիմնական առաջատար մրցակից Սամվել Կարապետյանը 9 ամիս գտնվում էկալանքի տակ։ Փաստացիորեն, իշխանությունը պայքարում է միայն նրա նկարի դեմ: Մեծ վախ ունեն Սամվել Կարապետյանից, ով սահմանափակված է խոսքով, չունի իր ժողովրդի հետ շփման հնարավարություն: Անգամ դրանից հետ հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունն աջակցում է Սամվել Կարապետյանին ու նրա ուժին։ Մեր հասարակությունը մեծ փոփոխության կարիք ունի»,-ասել է նա:

Կարապետյանի գնահատմամբ՝ վերջին հարցումների հրապարակումից հետո իշխանությունների մտահոգությունը մեծացել է, և նրանք կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի Սամվել Կարապետյանը շարունակի մնալ կալանքի տակ և չկարողանա շփվել ընտրողների հետ։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ ներկայում ամենամեծ հնարավորությունը հաջողության հասնելու համար ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։

Նա նշել է, որ պատրաստակամություն է հայտնել իր ջանքերը ներդնել այդ գործընթացում։

«Հիմա ես տեսնում եմ, որ այս պահին ամենամեծ հնարավորությունն ունի «Ուժեղ Հայաստանը»՝ Սամվել Կարապետյանի հետ, պատրաստակամություն եմ հայտնել իմ ջանքերը ներդնել՝ գործընթացում հաջողության հասնելու համար»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանն ազնիվ և հայրենասեր մարդ է, ինչպես նաև ուժեղ անհատականություն, որի առաջնորդությամբ հնարավոր է հասնել զգալի արդյունքների։

«Այդ հարցում ամենամեծ վստահությունն ունի Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ վախեցած է, դրա համար էլ պահում է անազատության մեջ»,- հայտարարել է Ղազարյանը։

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանի շենքի մոտ հավաքվել են նրա աջակիցները։

Leave a Comment