ԳՀԽ․ Մերժելի են Փաշինյանի ելույթում եկեղեցու և եկեղեցականության հասցեին մեղադրական շինծու վերագրումները

ԳՀԽ․ Մերժելի են Փաշինյանի ելույթում եկեղեցու և եկեղեցականության հասցեին մեղադրական շինծու վերագրումները

13 մարտի 2026 – 18:19 AMT

PanARMENIAN.NetԳերագույն հոգևոր խորհրդի ժողովը «մերժելի է համարում Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

«Այսպիսով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար»,– ասվում է հայտարարության մեջ:

ԳՀԽ-ն արձանագրել է, որ հավաքին մասնակցած եպիսկոպոսները քննարկել են Հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը և եկեղեցու առաքելությանն առնչվող հարցերը՝ ներկայացնելով առաջարկություններ եկեղեցական կյանքի կազմակերպման և խնդիրների հաղթահարման համար։ Ընդգծվել է, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական և եկեղեցական-կանոնական ճանապարհով։

Մասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ է ներկայացրել թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նշվել է, որ կարգալույծ Արման Սարոյանը, ըստ հաղորդագրության, իշխանության մարմինների աջակցությամբ խոչընդոտում է թեմի կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։

Եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես նաև եկեղեցականների նկատմամբ հարուցված քրեական, վարչական և քաղաքացիական գործերի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել իրավաբաններ Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորել է եկեղեցու իրավունքների և ինքնավարության, ինչպես նաև արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների պահպանումը՝ միաժամանակ դատապարտելով, իր ձևակերպմամբ, իշխանությունների «կամայական և խտրական գործողությունները» և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման հարցին։ ԳՀԽ-ն նշել է, որ պաշտպանության նախարարի որոշումը հակասում է Սահմանադրությանն ու գործող օրենքներին, որոնք նախատեսում են հոգևոր ծառայություն բանակում։

Ժողովի ընթացքում քննարկվել են նաև 2026 թվականի սեպտեմբերին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կազմակերպման հարցերը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության հաշվետվությունները։

Վարչապետը նաև մեկնաբանել է, թե ինչու է ասում, որ Գարեգին Բ-ն ստանձնել է «պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։ Ըստ նրա՝ պատարագի տեքստում հղում են անում Արցախի Հանրապետությանը:

«Հղում ենք անում Արցախի Հանրապետություն, դա նշանակում է կոնֆլիկտ»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն նման նախադասություն նշանակում է պատերազմի կոչ:

Leave a Comment