Հովնան, Մակար, Հայկազուն և Մուշեղ սրբազաններին կանչել են Քննչական կոմիտե

Հովնան, Մակար, Հայկազուն և Մուշեղ սրբազաններին կանչել են Քննչական կոմիտե

13 մարտի 2026 – 16:37 AMT

PanARMENIAN.Net – Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամներ ծանուցագիր են ստացել Քննչական կոմիտեից՝ հարցաքննության ներկայանալու համար։

Քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, հայտնում է Aysor.am-ը:

Փաստաբան Արմինե Ֆանյանըհայտնել է, որ սրբազան հայրերը ՔԿ են կանչվել նույն քրեական գործի շրջանակում, ինչ նախորդ անգամ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցին որևէ մեկնաբանություն չեն տվել։

«Չենք մեկնաբանում»,- ասել է ՔԿ խոսնակը։

Մարտի 12-ին Քննչական կոմիտե էին կանչվել Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա ներկայում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, որով պահանջվում է Արման Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Ավելի վաղ Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Leave a Comment