Օրենսդրական փոփոխությունները համապատասխանում են Սահմանադրությանը․ ՍԴ–ն վճիռը կհրապարակի եռօրյա ժամկետում

«Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները համապատասխանում են մայր օրենքին։ Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները վիճարկում էին օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ՀԷՑ–ն ունեցավ ժամանակավոր կառավարիչ, ու «Տաշիր կապիտալ» ընկերությունը զրկվեց լիցենզիայից։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ բոլոր հոդվածները համապատասխանում են ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության 100 % բաժնեմասերի պետականացման գործընթացը թևակոխել է հանրային գերակա շահ ճանաչելու կարգավորման փուլ՝ օրերս հայտնել էր ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ անփոփոխ թողնելով էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում արված փոփոխությունների սահմանադրականության հարցը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի գ․ կետը համապատասխանում է Սահմանադրությանը: Սա վերաբերում է հանձնաժողովի՝ սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում լիցենզավորմանը, լիցենզիաների տրամադրմանը, դրանց գործողության ժամկետների երկարաձգմանը։ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1 մասը ևս համապատասխանում է Սահմանադրությանը: Մեջբերում օրենքից․

«Լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը։

Ըստ ՍԴ վճռի՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1 հոդվածի 1-ին, 2–րդ և 3-րդ մասերը ևս համապատասխանում են Սահմանադրությանը։

«Լիցենզիայից կամավոր հրաժարվելու կամ անձին լիցենզիայից զրկելու դեպքերում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովի աշխատանքը, որտեղ նշվում է, որ  մինչև գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել լիցենզիայից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` հանձնաժողովի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան»:

2025–ի հուլիսին օրենսդրական այս փոփոխությունները, որոնց սահմանադրականությունը վիճարկվում էր ՍԴ–ում, խորհրդարանում թեժ քննարկումներով հաստատվեցին։ Նախագծերի փաթեթում տնտեսվարողներին աջակցող փոփոխություններ նույնպես կատարվել են՝ պնդում էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ կարգավորումներ են սահմանվել պետական ոչ պատշաճ վարչարարությունից պաշտպանվելու համար։  

«Ի հայտ են եկել խախտումներ, որոնք կարող են առերևույթ վտանգ ներկայացնել և՛ սպառողների իրավունքների տեսանկյունից, և՛ էներգետիկ համակարգի համար։ Այս իրավիճակում օպերատիվ գործողության կարիք է առաջանում»։

Երեք օր քննարկվող, թեժ բանավեճերի ու քաշքշուկի պատճառ դարձած օրենսդրական փաթեթն ընդունվեց 65 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հետո արդեն կատարված փոփոխություններով հնարավոր դարձավ  ՀԷՑ-ի ղեկավարումը ժամանակավոր կառավարչի հանձնելը։ Այդ պաշտոնը ստանձնեց Ռոմանոս Պետրոսյանը՝ Պետական վերահսկողության ծառայության պետը։

Ընդդիմության տարբեր թևերի գնահատմամբ՝ ՀԷՑ–ում նոր կառավարիչ նշանակելու գործընթացը քաղաքական է և ծագել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունից հետո։ Իշխանության ներկայացուցիչները մինչդեռ պնդում են, որ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ոչ թե այդ հայտարարությունից հետո, այլ դրանից առաջ։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեռ խորհրդարանում հայտարարել էր, որ վարչապետի սրան առնչվող գրավոր հանձնարարականը հայտարարությունից դեռ մեկ ամիս առաջ է ստացել:

Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանին միջնորդել էին նաև կասեցնել օրենքի գործողությունը, մինչև դատարանը գործով վերջնական որոշում կայացնի: Նման որոշում նաև միջազգային արբիտրաժն էր կայացրել։ Երեք օր էլ հարցը ՀԾԿՀ–ում քննարկվեց ու 2025–ի նոյեմբեր 21–ից «Տաշիր կապիտալ» ընկերության լիցենզիան դադարեցվեց։ Եռամսյա ժամկետում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի հետ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ բանակցություններ են անցկացվում։ Եթե համաձայնության չհանգեն, հնարավոր է, որ պետությունը որպես գերակա շահ ստանձնի կառավարման իրավունքը՝ նիստի ավարտից հետո հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը․

«Այն, ինչ սկսկվեց ու կատարվում է, 34 տարվա նորանկախ պետության մեջ նման իրավիճակում չենք հայտնվել։ Անել նման քայլեր ու հայտարարել, որ որևէ ռիսկից կարող ենք զերծ լինել, պատեհապաշտություն կլինի։ Բայց ես՝ որպես ՀԾԿՀ նախագահ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ վայրիվերումների մեջ երկիրը չընկնի»։

Մարտի 3–ին ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ  կառավարությունը պաշտոնական առաջարկ է արել ՀԷՑ-ի սեփակատերերին, սակայն գործարք տեղի չի ունեցել։ Դրանից հետո վարչապետը հայտարարեց․

«ՀԷՑ–ի 100 տոկոսանոց պետականացման որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի նախնական փորձագիտական քննարկմամբ և եզրակացությամբ։ Բարեբախտաբար բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածություն չի լինի»։

Մարտի 11–ին  ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ  ՀԷՑ-ի 100 % բաժնեմասերի պետականացման գործընթացը թևակոխել է հանրային գերակա շահ ճանաչելու կարգավորման փուլ։

Leave a Comment