Ընդդիմության մղձավանջը




1in.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանում ելույթի և լրագրողների հետ հաջորդ օրը ճեպազրույցի ընթացքում հնչեցրած մտքերն, ըստ էության, նորություն չեն: Բայց ընդդիմությունը, նրան աջակցող մամուլը, փորձագետները և սոցիալական հարթակների օգտատերերն արձագանքեցին շատ ավելի բուռն, քան երբևէ: Ընդ որում, նրանք ոչ թե Փաշինյանի մտքերն են վերլուծում, գնահատում կամ վիճարկում-հակափաստարկում, այլ, կարծես, ընդամենը դիմում են հանրությանը. «Տեսա՞ք, լսեցի՞ք, բա էլ ո՞ւմ կամ ինչի՞ եք սպասում, ինչո՞ւ դուրս չեք գալիս փողոց»:


 


Այս հախուռն, անհավասարակշիռ արձագանքից կարելի է եզրակացնել, որ հակափաշինյանյանական ճամբարը հուզվել է ոչ թե «հայ եկեղեցու դեմ հարձակումից» կամ սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը զեղչելու նրա մտադրությունից, այլ՝ որ այն, ինչ իրենք քարոզարշավի ընթացքում պիտի նրան ժամ առ ժամ, հավաք առ հավաք վերագրեին և ստիպեին, որ ՔՊ-ն մտներ հերքումների դաշտ, արդեն ասված է, հանրությունը լսել է, ինչպես ասում են՝ սկզնաղբյուրից կամ՝ առաջին ձեռքից:


 


Դրանով ողջ կոնսպիրալոգիական խոսույթը, որ ընդդիմության թեւերը քարոզարշավի ընթացքում պիտի որպես ամենահզոր զենք և Փաշինյանի հեռացումը «հիմնավորող զորեղ փաստարկ» գործի դնեին, իր «տոքսիկ» ազդեցությունը կորցրել է, մի բան, որ կառավարության և իշխող քաղաքական ուժի ղեկավարը բաց տեքստով ասում է, այլևս կորցնում է «մոգական ազդեցության էֆեկտը»: Այո, վարչապետը չի թաքցնում, որ Հայաստանի Անկախության հռրակագիրը «կոնֆլիկտահեն» է կամ՝ «պատերազմածին»: Եվ այս մասին բաց ասել է հանրությանը, ՀՀ քաղաքացուն, հայ ժողովրդին, այդ թվում՝ նրա Արցախից բռնատեղահանված հատվածին:


 


Ընդդիմությունը քաջ գիտակցում է, որ Փաշինյանը իրեն բաց մարտահրավեր է նետել, որի դեմ իրավական և նույնիսկ քաղաքական հակափաստարկներ ինքը չունի: Անգամ ամենամեծ երեւակայություն ունեցող գործիչը չի կարող անգամ տասը մարդու համոզել, թե հնարավոր է Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատել, բայց և սահմանադրությամբ ասել «Արցախը Հայաստան է և վերջ»:


 


Փաշինյանի մտքերն, ըստ այդմ, իր դեմ ընդդիմության համախմբման առաջարկ են, բայց դա ընդդիմության քաղաքական փորձությունն է: Ոչ մի «միասնական թեկնածու», եթե առաջնորդվենք մեղսունակության կանխավարկածով, այսօր «Արցախը Հայաստան է և վերջ» կամ «եթե ուժեղ լինենք, մեր սահմանադրությունը բոլորը կհարգեն» կարգախոսով քարոզարշավ չի տանի: Իսկ եթե այդպիսի մեկը գտնվի, ապա նրան շատ քչերը լուրջ կհամարեն:


 


Ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ նման զգայուն թեմաների հանրայնացումը և դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելը նշանակում է մի բան: Փաշինյանն ասում է. «Ահա՝ ես, ահա՝ իմ թիմը և գաղափարախոսությունը, որով դիմելու եմ ժողովրդին և կրկին հայցելու եմ նրա վստահությունը»: Այդ բացահայտումն, այո, ներքաղաքական, ներազգային կյանքի կարմիր գծերի հատում է:


 


Բայց այդ կարմիր գծերն իրականում կա՞ն, հնարավո՞ր է դրանք պահել և միաժամանակ ապահովել Հայաստանի անվտանգությունը, զարգացումը և քաղաքացիների բարեկեցությունը: Փաշինյանը, կարծես, ընդդիմությանը «մղում» է, որ այս հարցերի պատասխանը ձևակերպի: Իսկ դա նրա համար արդեն «մղձավանջ» է:


Leave a Comment