«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել, տեղեկացնում է Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը և ոչ իրավաչափ է ճանաչվել Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը»,- գրել է փաստաբանը։
Մարտի 10-ին Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։
Փետրվարի 13-ի առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակում։ Ալեքսանյանը նշել էր, որ խուզարկությունը կապված է 2015-2025 թվականների որոշ գործարքների ուսումնասիրության հետ, և որ վարույթը չորս ամսվա վաղեմություն ունի: Նրա խոսքով՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման հատկանիշներով:
