Թուրքիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների կառավարման վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկաթ նահանգի Նիքսար քաղաքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 03:35-ին և զգացվել են մի քանի նահանգներում:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շատ բնակիչներ դուրս են վազել փողոց և որոշ ժամանակ մնացել ավտոմեքենաներում կամ դրսում՝ վախենալով վերադառնալ տներ:
Իշխանությունները հայտարարել են, որ ավերածությունների կամ տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Թուրքիան գտնվում է խոշոր տեկտոնական խզվածքների խաչմերուկում, ինչի հետ կապված պարբերաբար երկրաշարժեր են գրանցվում: 2023 թվականին 7,8 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է ավելի քան 53 հազար մարդու մահվան։
