Երևանում անցկացվում է Capital Markets Armenia–ի IV համաժողովը

Երևանում ընթանում է Capital Markets Armenia IV ամենամյա միջազգային համաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին դրա ինտեգրմանը


ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․ Երևանում ընթանում է Capital Markets Armenia IV ամենամյա միջազգային համաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին դրա ինտեգրմանը:


Cbonds-ի հիմնադիր Սերգեյ Լյալինը հայտնել է, որ համաժողովին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 250 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, տարածաշրջանային ֆինանսական կենտրոններից՝ Կիպրոսից, ԱՄԷ-ից և այլ երկրներից:


Միջոցառումը միավորում է կարգավորող մարմինների, առևտրային բանկերի, ներդրումային և կառավարող ընկերությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, վարկանիշային գործակալությունների և ենթակառուցվածքային ինստիտուտների ներկայացուցիչներին:


Sirius Capital ներդրումային ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արարատ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանն այլևս փոքր շուկա չէ, այլ տարածքային ֆինանսական կենտրոններից մեկը:


«Այստեղ միավորված են կրթված մարդկային կապիտալը, տարածաշրջանային փոխհարաբերությունները և վստահելի ֆինանսական կառույցները», – ասել է նա:


Wilco Wealth Management-ի գլխավոր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոն նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին առանձնապես դինամիկ է զարգանում և նկատելի է դառնում մեծ տարածաշրջանի ֆինանսական քարտեզի վրա:


«Մենք ողջունում ենք միջոցառումները, որտեղ մարդիկ հավաքվում են միասին, կիսվում փորձով, գտնում նոր գործընկերություններ», – ասել է նա:


NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանի խոսքով՝ մասնակիցների թվում շատ են մարդիկ, ովքեր կառուցում են տարածաշրջանի ֆինանսական շուկան:


«Երեք տարի առաջ շուկան նոր էր ծնվում, տեղ-տեղ այն բարդ էր, բայց շատ հեռանկարային, և վերջին երեք տարիների ընթացքում ես տեսնում եմ բուռն զարգացում, ֆինանսական և տեխնոլոգիական ընկերությունների համարձակ ու ուժեղ առաջնորդների, ովքեր այսօր ձևավորում են տարածաշրջանի և Հայաստանի նոր ճարտարապետությունը՝ ֆինանսական կենտրոնի մասով», – ասել է նա:


Բալասանյանը համոզված է, որ հենց նման համաժողովներում են ծնվում նոր գաղափարներ, որոնք վերափոխվում են նոր ընկերությունների և բիզնեսի հնարավորությունների:


«Այսօր Հայաստանը դառնում է տեխնոլոգիաների, ԱԲ–ի կենտրոն, կամուրջ՝ միջազգային ֆինանսական գործիքներին հասանելիություն ստանալու համար», – հավելել է նա:


Ֆորումն ավանդաբար պրոֆեսիոնալ հարթակ է Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման ռազմավարական ուղղությունների քննարկման և միջազգային ներդրումային համագործակցության ընդլայնման համար:


Քննարկման կենտրոնում են 2025 թվականի մակրոտնտեսական արդյունքները, 2026 թվականի տնտեսական աճի հեռանկարները, կապիտալի ներքին շուկայի զարգացումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, ինչպես նաև գլոբալ ֆինանսական շուկաների տրանսֆորմացիան և շուկայական ենթակառուցվածքում թվային լուծումների ներդրումը:


Համաժողովի ծրագրում ներառված են.


— Լիագումար նիստ՝ «Հայաստանի տնտեսությունը և ֆինանսական համակարգը. 2025-ի արդյունքները և 2026-ի հեռանկարները»


— Հայաստան 2026. կապիտալի ներքին շուկա, ենթակառուցվածք և ներդրումային գրավչություն


— Գլոբալ ֆինանսական շուկաներ. հնարավորություններ ներդրողների համար 2026 թվականին


— DIGITAL FINANCE, AI & MARKET INFRASTRUCTURE


Հաստատված բանախոսների թվում են՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Եվրո-Ասիական կապիտալի շուկաների դաշնության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը, Unibank (Armenia)-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, FINARM-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, AMIO BANK-ի ֆինանսական տնօրեն, գործադիր խորհրդի անդամ Ռուբեն Մելքոնյանը, Արդշինբանկի վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը:


Համաժողովի կազմակերպիչն է Cbonds-Congress-ը՝ կապիտալի շուկաների և պարտքային գործիքների (fixed income) ոլորտում պրոֆեսիոնալ միջոցառումների միջազգային կազմակերպիչը: Ընկերությունը ֆինանսական շուկայում աշխատում է 2000 թվականից և իրականացրել է հարյուրավոր պրոֆիլային նախագծեր տարբեր երկրների բանկերի, ներդրումային ընկերությունների, էմիտենտների, կարգավորողների և ինստիտուցիոնալ ներդրողների մասնակցությամբ:


Cbonds-ը պարտատոմսերի շուկաների, կապիտալի զարգացող շուկաների և պարտքային գործիքների վերաբերյալ տեղեկատվության և վերլուծության առաջատար մատակարարներից մեկն է:


Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում:


«ԱՌԿԱ» գործակալությունը համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է:

Leave a Comment