ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է մարտի 12-ից առաջ նավթ և նավթամթերքներով բեռնված ռուսական նավերին իրականացնել դրանց վաճառքը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, համապատասխան փաստաթղթի համաձայն, թույլատրվում են ռուսական ծագման հում նավթի և նավթամթերքների վաճառքի, առաքման կամ բեռնաթափման համար անհրաժեշտ բոլոր գործարքները, եթե դրանք բեռնվել են նավի վրա մինչև նշված ամսաթիվը: Լիցենզիան ուժի մեջ է մինչև 2026 թվականի ապրիլի 11-ը:
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ այս որոշումը նաև ենթադրում է տարանցման մեջ գտնվող մոտ 100 միլիոն բարել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների վերացում: «ԱՄՆ-ն փաստացի ճանաչում է ակնհայտը. առանց ռուսական նավթի համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ», – գրել է Դմիտրիևը Telegram-ում:
Նրա խոսքով, աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումը գնալով ավելի հավանական է դառնում:
Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին վերլուծաբանները զգուշացնում են, որ հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճի և լուրջ ռիսկեր ստեղծել գլոբալ էներգետիկ անվտանգության համար: Reuters-ի փոխանցմամբ, համաշխարհային նավթի գները, սակայն, վերջերս կտրուկ նվազել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջանում հակամարտության մոտալուտ ավարտի մասին հայտարարությունից հետո։
