Իլհամ Ալիևը ընդունել է Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային:
Բանակցությունների ավարտին նրանց անունից մամուլի համար տարածվել է համատեղ հայտարարություն, որ բավական ծավալուն և բազմաշերտ փաստաթուղթ է: Առայժմ, թերևս, արժե առանձնացնել երկու սկզբունքային հանգամանք:
«Նախագահները կրկին հայտարարել են երկկողմ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտելու մտադրության մասին»,- ասված է հայտարարության տեքստում: Ալիևը և Կոշտան համոզված են, որ նոր համաձայնագիրը «հետագա հարաբերությունների համար իրավական ամուր հիմք կհանդիսանա»:
Ավելի վաղ Ադրբեջանը Եվրամիության հետ համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները դադարեցրել է՝ պատճառաբանելով, որ «քաղաքական ոչ մի նախապայման ընդունելի չէ, հարաբերությունները կարող են լինել միայն առեւտրատնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտներում»:
Դատելով փաստից, որ Կոշտան Ալիևին խոստացել է եվրոպական մասնավոր ներդրումներ ապահովել գազի արդյունահանման և տարանցման ոլորտներում, Բրյուսելը, կարծես, ընդունել է Ալիևի «պրագմատիզմը»:
Ուշագրավ է, որ Եվրամիության խորհրդի նախագահ Կոշտան Բաքու է ժամանել նույն օրը, երբ վարչապետ Փաշինյանը Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ:
Այս իմաստով պետք է ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին Փաշինյանի ելույթի հիմնական շեշտադրումը և Իլհամ Ալիևի հավաստիացումը, որ «խաղաղոըթյունը ոչ միայն թղթի վրա է, այլև կյանքում», բովանդակային իմաստով նույնական են:
Անտոնիու Կոշտայի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության տեքստում, այդուհանդերձ, գործընթացի մասին խոսվում է, այսպես ասած՝ զգուշավոր լավատեսությամբ, բայց՝ ավելի լայն համատեքստում:
Կողմերը կրկին հաստատել են ռազմավարական գլխավոր նպատակը՝ խաղաղ, կայուն, փոխկապակցված և առանց բաժանարար գծերի բարգավաճող Հարավային Կովկաս, ողջունել «տարածաշրջանում պատմական տեղաշարժերը, մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացի պատմական դինամիկան»:
Եվրամիության խորհրդի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի փոխերկխոսության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին լիակատար աջակցություն է հայտնել:
Արդյոք Հայաստանի վարչապետի Փարիզ և Ստրասբուրգ, Եվրամիության խորհրդի նախագահի Բաքու այցը և արվելիք սկզբունքային շեշտադրումները Երևանի և Բաքվի միջև դիվանագիտական խողովակներով քննարկվել-համաձայնացվե՞լ են, դժվար է ասել, բայց որ կողմերի խոսույթի որոշակի համապատասխանություն կա, ինքնին բավական խոսուն է:
Ալիևը կգնա՞ ներքին խոսույթի խմբագրումների: Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության համար դա չափազանց կարևոր է: