Կենտրոնանալ բուն սահմանադրական փոփոխությունների վրա •

«Սեպտեմբերի 30-ին ողջ Ադրբեջանի տարածքում հայտարարված են տեղական և Գերագույն խորհուրդների ընտրություններ։

Իդեալական տարբերակը կլիներ այն (խնդրում եմ դեռևս չառարկել, ես հետո կբացատրեմ), որ այդ ընտրությունները կայանային նաև Արցախում, ընտրվեին տեղական, այն է՝ գյուղական, շրջանային, քաղաքային և մարզային խորհուրդները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններին, ապա դրանք միաժամանակ են տեղի ունենում, և Գերագույն խորհրդի ընտրությունները կարելի էր միշտ էլ վիժեցնել։

Նույնիսկ կարելի էր համարել, որ ընտրությունները կայացել են, բայց ոչ մի պատգամավոր չի ընտրվել։ Դա շատ հեշտությամբ կարելի էր անել, դրա տեխնիկան պարզ է ձեզ համար, չեմ էլ ուզում բացատրել։

Այս ամենից հետո, հոկտեմբերի 1-ին, մենք Արցախում կունենայինք օրինական, ընտրված իշխանություններ»,- մեջբերումը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ԳԽ 1990թ. սեպտեմբերի 3-ի փակ նիստի ելույթից է, որ հրապարակված է նրա «Ընտրանիում», հասանելի է նաև համացանցում:

Թյուրըմբռնման տեղիք չտալու համար ասեմ, որ եւ այն ժամանակ՝ լինելով ԼՂ-ից ընտրված Հայաստանի ԳԽ պատգամավոր, և հետագա տասնամյակներին, և այսօր համարել և համարում եմ, որ այդ ծրագիրն իրականացնելու դեպքում, իրոք, Լեռնային Ղարաբաղում կստեղծվեր իդեալական վիճակ:

Փաստ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ԳԽ փակ նիստ է հրավիրել և այդ մասին պատգամավորներին ասել Անկախության հռչակագրի ընդունումից ընդամենը մեկ ամիս հետո: Նա, իհարկե, խնդրի կարևորության բոլոր նրբերանգները պատգամավորներին չի ներկայացրել: Դա միանգամայն բնական և օրինաչափ է:

Պետք է ենթադրել, որ նա ԼՂ-ում իրավիճակի հետագա սրացումը կանխելու, ինքնավար մարզում կյանքի բնականոն պայմաններ ստեղծելու, Ադրբեջանի հետ խորացող ճգնաժամը կանխելու իր գաաղփարները քննարկել է Մոսկվայում, հնարավոր է՝ խորհրդապահական քննարկումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ:

Կրկնեմ, դա առկա իրավիճակից ելքի հնարավորություն էր, որ, ցավոք, չիրացվեց:

Ինչի՞ մասին է այս դիտարկումը: Նրա մասին, որ Անկախության հռչակագիրը ընդունման պահից իսկ տաբու չի եղել: Առավել ևս՝ այսօր՝ աղետալի պատերազմից, պարտությունից, Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո:

Մանավանդ որ այդ Հռչակագիրը ոչ թե անկախության, այլ՝ անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկի մասին է եւ այլ իրավիճակներում նույնպես «անտեսվել» է: Նույնիսկ՝ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո բանակցություններում:

Ի վերջո, Հայաստանի անկախությունը հռչակել է նրա ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղը այդ հանրաքվեին չի մասնակցել:

Իսկ այն սկզբունքները, որ հռչակված են անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկի մասին Հռչակագրում, լիովին արտացոլված են ՀՀ Սահմանադրությամբ:

Այնպես որ, «Նիկոլ Փաշինյանը սահմանադրությունից դուրս է թողնում Անկախության հռչակագիրը» քարոզչության փոխարեն կարելի է կենտրոնանալ բուն սահմանադրական փոփոխությունների վրա:

Leave a Comment