Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների 13-րդ օրը երկրի նոր գերագույն առաջնորդը՝ Մոջթաբա Խամենեի, առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին։
Նա բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը երկրի պաշտպանության գործում և հայտարարել, որ վրեժ կլուծեն բոլոր զոհերի համար, հատկապես՝ Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների։
Խամենեին նաև նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները շարունակվելու են։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանները նույնպես կարող են դառնալ թիրախ։
Իրանի նոր գերագույն առաջնորդը հայտարարել է նաև, որ Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը շարունակում է մնալ Թեհրանի ձեռքում՝ որպես ճնշման լծակ։ Նա ընդգծել է, որ Իրանը կպահանջի փոխհատուցում հարվածների հետևանքով հասցված վնասների համար։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հաստատել էր տեղեկությունը, որ Խամենեին վիրավորվել է հարվածների ժամանակ։