Պետական եկամուտների կոմիտեն զգուշացրել է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասին:
2026 թվականի առաջին երկու ամիսներին արձանագրվել է կանխիկ դրամի տեղափոխման ավելի քան 450 դեպք՝ շուրջ 69 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով: Դրանցից մոտ 59.5 միլիոն դոլարը ներմուծվել է Հայաստան, իսկ 9.5 միլիոն դոլարը՝ արտահանվել, հայտնել են գերատեսչությունից:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 10 հազար ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման: Ընդ որում, նույնիսկ եթե ԵՏՄ շրջանակում առանձին կարգավորումներ չկան, մեծածավալ կանխիկի տեղափոխումը ռիսկեր է պարունակում՝ կապված ստվերային շրջանառության, փողերի լվացման կամ ապօրինի ֆինանսական հոսքերի հետ:
Կոմիտեն քաղաքացիներին խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում խուսափել խոշոր գումարների ֆիզիկական տեղափոխումից և օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ են:
