Մեր զրուցակիցն է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Պարոն Խզմալյան, համոզված եմ, որ երեկ հետևել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Եվրախորհրդարանում, այն արդյոք բավարարեց Ձեզ։ Օրեր առաջ Դուք ֆեյսբուքում գրառում էիք արել՝ հույս հայտնելով, որ նա կխոսի Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության մասին, մինչդեռ ․․․
Մարտի 11-ին Հայաստանի Հանրապետությունը կորցրեց ևս մեկ պատմական շանս։ Պատահական չէր, որ դրանից օրեր առաջ ԵՄ տարբեր պաշտոնյաներ ու ատյանները միավորվեցին Հայաստանին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրավիրելու համար։ Հայաստանը պետք է Եվրոպային, սակայն ինչի համար, որ հրավիրել էին Հայաստանին, այդ ակնկալիքները չարդարացան։
Կուբիկի ձևով Հայոց այբուբենի հուշարձանը տեղադրվեց, սակայն ես կցանկանայի, որ այդ այբուբենով անդամակցության դիմում ներկայացվեր ԵՄ-ին։ Հուսամ՝ արձանը շիրմաքար չէ մեր հույսերի վրա, պետք է դրական տեղաշարժ լինի դեպի ՀՀ-ի ԵՄ անդամակցության։
Ինչ պատճառաբանություններ կային Փաշինյանի ելույթում՝ ԵՄ անդամակցության դիմումի փոխարեն։ Առաջինն ասում է՝ Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների սին հույսերն են ․․․, ինչի մասին, միթե մարդկային, ազգային, սեփականության իրավունքների մասին ակնկալիքները սին են, չէ որ 2023 թ․-ի նոյեմբերի 17-ին, Հաագայի դատարանը վճիռ կայացրեց, ըստ որի արցախահայությունն իրավունք ունի ազատ վերադարձի, հիմա ՀՀ վարչապետը հայտարարում է, որ դրանք սին են։ Երկրորդը․ պարզվում է, որ Հայ առաքելական եկեղեցին է խանգարում հայտ ներկայացնելուն։ Երրորդը․ ակնարկում է Ռուսաստանի դավադրության մասին, իսկ ինչու Փաշինյանը չի հայտարարում, որ պատրաստ է դուրս գալ ԵԱՏՄ, ԵԱՀԿ-ից, գոնե ռուսական հեռուստաալիքները փակել, փոխարենը՝ գումար են խնդրում այդ ալիքներից տարածվող հիբրիդի դեմ պայքարելու համար։
Ի վերջո, մարտի 11-ի ելույթը այնքանով էր վատ, որ Փաշինյանը Հայաստանի ապագան կապում է իր և իր քաղաքական ուժ ՔՊ-ի վերընտրության հետ, որն, իմիջայլոց, դեմ է ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցությանը։
Մեր կողմից՝ ի թիվս այլոց, ինչ եք կարծում՝ նաև անհասկացվությունն է պատճառը, որ եվրոպական մամուլում Ադրբեջանի ենթատեքստում է ներկայացվում Փաշինյանի ելույթը։ Իմա՝ Կոշտան հանդիպել է Ալիևի հետ ու միայն նյութի մեջ անդրադարձ կա Փաշինյանի խոսքերին, մի տեսակ վիրավորական չէ Հայաստանի երկրորդումը։
Ոչ միայն վիրավորական է, այլև՝ զավեշտալի։ Հայաստանն ինքն է ընտրել, ցավոք, երկրորդական դիրքը։ Փաշինյանն ամեն ինչում երկրորդում է Ալիևին՝ և՛ սահմանազատման, և՛ սահմադրության, և՛ եկեղեցու, և՛ ցեղասպանության խնդրի վերացման հարցերում ․․․ Ալիևը, Էրդողանը՝ չհաշված Պուտինը հիմնական երաշխավորներն են ՀՀ գործող իշխանության վերընտրման հարցում։ Եթե Ռուսաստանի նահանջի արդյունքում Հայաստանում չեն հայտնվում Եվրոպան՝ արժեքները, օրենքները, կապիտալը, ապա այդ դատարկությունը լցվելու է թուրք – ադրբեջանական հնարավորություններով։
Պարոն Խզմալյան, 2020-ի 44-օրյա պատերազմը, 2022-ի սեպտեմբերյան դեպքերը, 2023-ին Արցախի էթնիկ զտում – դատարկումը մեր հասարակության մեջ լուրջ հիասթափություն էին առաջացրել հանդեպ Ռուսաստանը, ինչը ցավոք, այդպիսին չէ հիմա, օր օրի ավելանում է հայության վերահամակրանքը ՌԴ հանդեպ, ինչու։ Անգամ հարցումներն են վկայում այդ մասին։
Հիմնական պատճառը ՀՀ իշխանության քաղաքականության արդյունքն է։ Եթե 2024 թ․ աշնանը, երբ սոցիոլոգիական հարցում էինք անցկացրել, մինչև 60 տոկոս համակրանք կար հանդեպ Եվրոպական Միությունը, ապա հիմա մանիկուլիացիաներն են նաև շատ։
Պատճառներից մեկն էլ այն է, որ օրինակ, ես որպես Եվրոպական կուսակցության նախագահ գրեթե պաշտոնապես մեկուսացման մեջ եմ հայտնվել՝ չեն հրավիրում հեռուստաեթերների, մամուլում հանդես գալու։ Իսկ մենք միակ արտախորհրդարանական կուսակցությունն ենք, որը կարողացավ հասնել ԱԺ-ում ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքի ընդունմանը հասնել։
Մինչդեռ ՀՀ իշխանությունները նորմալիզացնում են ապօրինությունները, իբրև խաղացողներ դերեր են վերապահում Ադրբեջանին և Թուրքիային, որոնց պայմաններում Ռուսաստանն արդեն դիտվում է որպես այլընտրանք։ Ոչ թե Եվրոպան, այլ՝ Ռուսաստանը։
Ի դեպ, անգամ մանիկուլյացիաներն են տարբեր․ Հարցումներում գրվում են տարբեր եվրոպական երկրների անուններ՝ Ֆրանսիա, Հունաստան, Լեհաստան, Կիպրոս և հետո միայն ԵՄ, ստացվում է՝ ոմանց համար որևէ երկիր ավելի ընկալելի է, քան բոլորը միասին ԵՄ կազմում։
Հիմա ՀՀ ներքաղաքական կյանքը թևակոխում է սպասվելիք խորհրդարանական ընտրություններ, ինչ է անում ՀԵՎԿ-ը, մասնակցելու եք ԱԺ ընտրություններին։
Մենք պարտավոր ենք մասնակցել, մեր պարտականությունն ենք համարում։ Մեզ հետ հիմա համագործակցում է Հանուն ժողովրդավար պետականության կուսակցությունը՝ նախագահ Արսեն Սարգսյան, մենք բազմաթիվ այլ կուսակցություններին ու անհատներին առաջարկում ենք միանալ մեզ, դաշինք կազմել ու միասին մասնակցել այս ընտրություններին։ Այլ դաշինքներ են ձևավորվում, ուրեմն թերևս նրանք չեն պատկերացնում, որ ԵՄ-ին անդամակցությունը համապատասխանում է մեր երկրի պահանջներին։ Մենք շարունակում ենք պնդել դա։ Մենք ամեն ինչ ենք անում, որ անպայման մասնակցենք քաղաքական գլխավոր ընտրությանը, կան բազմաթիվ խոչընդոտներ՝ և ֆինանսական, և՛ տեղեկատվական ․․․ Թեև՝ մենք պարտավոր ենք մասնակցել, որովհետև ներկայում մրցող նախկին և ներկա ուժերի մրցապայքարում չկա երրորդ՝ եվրոպական ուժը, եվրոպական Հայաստանի գաղափարը՝ ի դեմս մեզ։ Արդյունքում՝ երկուսը կարծես միավորվել են մեր դեմ։
Իսկ ինչ կանխատեսումներ կան ընտրություններից առաջ միավորումների ու իշխանական ՔՊ-ի մրցապայքարի արդյունքի մասին, փոքր ուժերի մասնակցությունը ջուր լցնել չի լինի արդյոք հաղթող ուժի ջրաղացին։
Կա նպատակ, որը ես անվանում եմ Կիրիենկոյի պլան, որով փորձ է արվում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պահել այսօրվա պայմաններում, որի արդյունքում ՀՀ խորհրդարանում ներկայացված լինեն ՔՊ-ն՝ փոքր մեծամասնությամբ, ինչը ձեռնտու է և կլինի Ալիև – Էրդողան – Պուտինին, ժամանակավոր նաև՝ Թրամփին։ Իսկ մյուս երեքը պարզապես պետք է ներկայացնեն նախկիններին։ Սցենարը ձևավորողները պարզապես ցանկանում են 2021 թ․-ին ձևավորված կոմպոզիցիան պահպանել, այս անգամ այլ անուններով։ Սցենարը նախկինների ու ներկաների համագործակցության մասին է, որտեղ երրորդ ուժ պետք չէ որ հայտնվի։ Այս ամենը շատ վտանգավոր է Հայաստանի համար։
Մենք պետք է դիմադրենք բոլոր այն քայլերին, որոնցով Հայաստանի հակառակ ուղղությամբ՝ Եվրամիությունից հեռու ընթացքին են միտված։ Որպեսզի Հայաստանը լինի Հանրապետություն, դրա նախապայմանը մեկն է, պետք է անդամակցենք Եվրոպական Միությանը, որովհետև մենք իրականում հարավ – արևելյան Եվրոպա ենք՝ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ միասին։