Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն ու Ադրբեջանի նախագահը խոսել են խաղաղության մասին։
«Ես չեմ խոսել հարաբերական կայունության մասին, Ադրբեջանի նախագահն էլ չի խոսել հարաբերական կայունության մասին: Ես խոսել եմ խաղաղության մասին, ինչքան տեղյակ եմ՝ Ադրբեջանի նախագահն էլ է խոսել խաղաղության մասին: Մենք խոսում ենք խաղաղության մասին»,– կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այդ ուղղությամբ լուռ, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք է իրականացվում: Բայց ես ասեմ՝ ես կասկած չունեմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի: Կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին թե երբ՝ դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի: Շատ կարևոր է արձանագրել և թերևս առաջին անգամ է, կամ առաջին անգամ եթե չէ, հիմա արդեն ավելի հստակ է այդ համընկնումը Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների, որ նույնիսկ Խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու և նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է: Մենք հիմա խոսելու ենք խաղաղությունը ամրապնդելու և խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին, և այս առումով կարևոր են ներքաղաքական պրոցեսները: Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում կարևոր են, որովհետև Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ՝ Ադրբեջանում էլ կան ուժեր, որոնք այդքան էլ գոհ չեն խաղաղությունից և պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը»։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է պաշտպանեն հաստատված խաղաղությունը և այն դարձնեն անշրջելի։
«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի: Երեկ ես Եվրոպական խորհրդարանի ամբիոնից առիթ ունեցա դրա մասին խոսելու»,- նշել է վարչապետը։