Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ ավիահարվածի ժամանակ

 Կիպրոսում Իրանի դեսպան Ալիռեզա Սալարիանը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին տեղի ունեցած հարվածի ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ հարձակման հետևանքով զոհվել են Խամենեիի ընտանիքի վեց անդամներ, այդ թվում՝ նրա հայրը։ Դեսպանը այս մասին պատմել է The Guardian-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ Մոջթաբա Խամենեին նույնպես գտնվել է հարվածի վայրում և ստացել է տարբեր վնասվածքներ։ Ըստ նրա՝ Խամենեին վիրավորվել է ոտքերի, բազկի և դաստակի շրջանում և այժմ բուժում է ստանում հիվանդանոցում։

Սալարիանի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ նոր հոգևոր առաջնորդը դեռևս հրապարակային ելույթներով հանդես  չի եկել՝ չնայած արդեն ստանձնել է պաշտոնը՝ փոխարինելով հորը։ Հարձակումը տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ-ի առաջին օրվա ավիահարվածների ժամանակ։ Թիրախում եղել է Թեհրանի կենտրոնում գտնվող նախագահական համալիրի տարածքը։ Դեպքը տեղի է ունեցել Ռամադանի սուրբ ամսվա տասներորդ օրը, երբ Այաթոլլա Ալի Խամենեին ընտանիքի անդամների հետ գտնվել է իր նստավայրում։ Հարձակման հետևանքով զոհվել է նաև Մոջթաբա Խամենեիի կինը՝ Զահրան։ Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալի Խամենեիի կինը՝ Մանսուրը, մահացել է ավիահարվածից երեք օր անց։

Leave a Comment