2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։

Փրկարարները մոտ 2 ժամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում չեն հայտնաբերել քաղաքացու մարմինը, ինչից հետո որոնողական աշխատանքներին միացել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանից ժամանած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը։

Մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ կատարեց, սակայն դին չհայտնաբերվեց։

Այս պահին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և այն վերսկսվելու է վաղը առավոտյան։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։

Leave a Comment