Փաշինյան․ Ադրբեջանի հետ խաղաղությունը հնարավորություն է ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու համար

Փաշինյան․ Ադրբեջանի հետ խաղաղությունը հնարավորություն է ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու համար

11 մարտի 2026 – 16:42 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը Հայաստանի համար հնարավորություն է ընդլայնելու ԵՄ հետ համագործակցությունն, այդ թվում՝ նաև ենթակառուցվածքային ծրագրերում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ Երևանն այդ ուղղությամբ արդեն իսկ համագործակցություն ունի Եվրամիության երկրների հետ, հայտնում է Արմենպրեսը:

«Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ, Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով արդեն երկու անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միության կողմից։ Մենք, ընդհանուր առմամբ, համագործակցում ենք ԵՄ-ի հետ տարածաշրջանային համատեքստում, և Ադրբեջանի հետ վերջերս հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնենք, այդ թվում՝ նաև ենթակառուցվածքային ծրագրերում»,-ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը, շարունակելով պատասխանել հնչեցված հարցին, ընդգծել է, որ ընդհանրապես անվտանգություն ասելով՝ շատ հաճախ հասկացվում է զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ և այլն, և Հայաստանը ևս մոտ 30 տարի ապրել է այդ ընկալման մեջ։

«Հայաստանում ևս շատ է խոսվում անվտանգության երաշխիքների մասին․ ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը»,-ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է՝ նաև տնտեսական, փոխկապվածությունը և փոխշահավետությունը։

«Մենք, իհարկե, ռազմատեխնիկական համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների, եվրոպական մի շարք երկրների հետ, որը նախկինում երբեք չենք ունեցել։ Այնուամենայնիվ, հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է, և յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն, այլև պարտականությունն է՝ անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ՝ ռազմականից ավելի շատ դառնալով քաղաքական և դիվանագիտական»,-շեշտել է Փաշինյանը։

Նա կրկին ընդգծել է, որ շեշտն ավելի շատ պետք է դրվի վերոնշյալ հանգամանքների վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից ժամանել է Ստրասբուրգ, որտեղ ելույթ է ունենալու Եվրոպական խորհրդարանում:

Leave a Comment