ԿԸՀ նախագահ․ Քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել

ԿԸՀ նախագահ․ Քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել

11 մարտի 2026 – 17:08 AMT

PanARMENIAN.Net – Քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ տարբեր քաղաքներում արդեն հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառներ, թեև հունիսի 7-ին նախատեսված ԱԺ ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, հայտնում է Panorama.am-ը:

«Երբ որ սկսվում է պաշտոնական քարոզարշավի շրջանը, ոչ թե իրավունքի շրջան է, այլ սահմանափակումների, այսինքն քաղաքական ուժերը մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել»,- ասել է Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ այն քաղաքական ուժերը, որոնք մտադիր են մասնակցել ՏԻՄ կամ ԱԺ ընտրություններին, կարող են գրեթե ամբողջ ժամանակահատվածում՝ մոտ 4 տարի 11 ամիս, ազատորեն իրականացնել իրենց քարոզչական գործունեությունը, իսկ սահմանափակումները սկսվում են միայն պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո։

Հարցին, թե ինչ սահմաններ է նախատեսում միջազգային փորձը, հատկապես հաշվի առնելով, որ իշխող ուժը կարող է առավելություն ունենալ մյուսների նկատմամբ, Հովակիմյանը պատասխանել է, որ Հայաստանի ընտրական օրենսդրության համապատասխան դրույթները մշակվել են հենց միջազգային փորձի հիման վրա։

«Մեր Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը 2021 թվականին է ամբողջությամբ վերաշարադրվել, 2024-ին էլ որոշակի խմբագրվել, հենց միջազգային փորձի հիման վրա է, առաջարկվել էր, որպեսզի օրենսդրությամբ հստակեցվի վարչական ռեսուրսի օգտագործման կանոնները»,- նշել է նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք հնարավոր է քվեաթերթիկում առանձին տարբերակ նախատեսել «Բոլորին դեմ եմ» անունով քաղաքական ուժի համար։

«Քաղաքական ուժերն իրենց անունները, իրենց ծրագրերն իրենք են որոշում։ Մենք գործ ունենք կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների հետ»,- ասել է Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում, եթե ԿԸՀ դիմի «Բոլորին դեմ եմ» կամ այլ անվանումով քաղաքական ուժ, հանձնաժողովը նախ կստուգի ներկայացված փաստաթղթերը։

«Արդյոք մենք կունենանք նման կուսակցություն կամ դաշինք, որը կմասնակցի ընտրություններին, ես չգիտեմ։ Ձեր այս հարցին կարող եմ ինչ-որ չափով պատասխանել ապրիլի 24-ին, երբ որ բոլոր առաջադրումներն ավարտված կլինեն ու բոլորդ կիմանաք այն քաղաքական ուժերի անուններն, որոնք առաջադրվել են։

Բնական է, առաջադրվելուց հետո, ըստ օրենսդրության, գրանցված բոլոր կուսակցությունների անունով քվեաթերթիկներ են տպվում»,- նշել է Հովակիմյանը։

Նա հավելել է, որ եթե որևէ կուսակցություն կամ դաշինք գրանցվի որևէ անվամբ, ապա այդ նույն անվամբ էլ պետք է տպագրվի քվեաթերթիկը։

«Բայց այսօր ասել, արդյո՞ք… Պետք է ունենանք գրանցված կուսակցությունը կամ դաշինքը, որպեսզի տպագրենք։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, ինքնաբացարկ չհայտեն, բնականաբար, տպագրելու են ինչ անուն ուզում է կուսակցությունը կամ դաշինքը կրի»,- ասել է Վահագն Հովակիմյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment