Մերձավոր Արեւելքում փետրվարի 28-ից ընթացող պատերազմը հասել է նաեւ Լիբանան, որը հյուսիսից սահմանակից է Իսրայելին: Լիբանանի հարավում տեղի եւ իսրայելական ուժերի միջեւ ինտենսիվ բախումներ են: Իսրայելը ավիահարվածներ է հասցրել նաեւ մայրաքաղաք Բեյրութի արվարձաններին ու Լիբանանի արեւելքում գտնվող Բեքաայի հովտին: Գլխավոր թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության ենթակառուցվածքներն են: Սա շիա իսլամի հետեւորդ քաղաքական ուժ է, որը պատմականորեն աջակցում է Իրանին (շիա իսլամը Իրանի պետական կրոնն է):
Բեքաայի հովտում է գտնվում հայկական Անջար քաղաքը, որտեղ շուրջ 3000 մարդ է ապրում: Այստեղից մինչեւ Բաալբեք, որը «Հեզբոլլահի» ազդեցության գոտին է, ուղիղ գծով մոտ 40 կմ է:
Անջարի քաղաքապետ Սեդրակ Հավաթանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասում է, որ հայկական բնակավայրն այս պահին ապահով է: Նրա փոխանցմամբ՝ բնակավայրի հիմնադրման օրվանից՝ 1939-ից, համայնքապետարանը ՀՅԴ տարբեր մարմինների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ միշտ կազմակերպել է գյուղի անվտանգությանն ուղղված միջոցառումներ: Ներկայում, մասնավորապես, ձեւավորվել է շտաբ, որի նպատակը Անջարի կարիքները գնահատելն ու դրանց լուծում տալն է:
Անջարի հայ կաթոլիկ համայնքին պատկանող վարժարանի (արդեն մի քանի տարի չի գործում) շենքն այս օրերին, ըստ Հավաթյանի, որպես ժամանակավոր կացարան տրամադրել են Լիբանանի այլ բնակավայրերից Անջար տեղափոխված արաբներին:
Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ Անջար է եկել շուրջ 100 ընտանիք կամ մոտ 500 հոգի: Նրանցից բարեկեցիկ ընտանիքները տեղավորվել են Անջարի հյուրանոցներում ու վարձակալած տներում: Ընդ որում՝ տեղափոխվածները հիմնականում կանայք ու երեխաներ են:
«Անշուշտ, հարավում պատերազմը, կռիվը շատ թեժ է, հրեական օդանավերը ռմբակոծում են Անջարի շրջակայքը՝ Բաալբեքի կողմը եւ ավելի մոտ շրջաններ, գյուղեր, որտեղ «Հեզբոլլահի» կենտրոններ կամ անդամներ կան: Մենք պարտավոր ենք հյուրընկալել մարդկանց, քանի որ, որպես լիբանանցի, եղբայրական պարտավորություն ունենք»,- ասում է Սեդրակ Հավաթյանը:
Նրա խոսքով՝ Բաալբեքում հնչող պայթյունների ձայնը լսվում է նաեւ Անջարում: Ավիահարվածների տակ են նաեւ Անջարից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող Զահլե քաղաքի հարեւան գյուղերը (նշված բնակավայրերը գտնվում են նույն շրջանում, որի կենտրոնը Զահլեն է):
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ օրեցօր սաստկանում են լիբանանցիներին ուղղված իսրայելական կոչերը Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերը լքելու մասին: Ըստ Հավաթյանի՝ սա կարող է նշանակել, որ Իսրայելը հարեւան երկրի հարավային հատվածը գրավելու նպատակ ունի, ինչպես եղել է անցյալում (1982-2000 թթ. Իսրայելն օկուպացրել էր Լիբանանի հարավի մի մասը): Անջարի քաղաքապետը նշում է, որ Իսրայելը նույնիսկ ֆոսֆորային ռումբեր է գործածել երկրի հարավային շրջաններում, ինչի հետեւանքով տեղի հողերը տասնամյակներով ենթակա չեն մշակման: Իսրայելցիների կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին բարձրաձայնել է նաեւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Հարցին, թե ինչ դերակատարում ունեն Լիբանանի հարավում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL), Անջարի համայնքապետն արձագանքում է. «Պետք է ասել, որ ազդեցութուն չունեն, որովհետեւ իրենց երկրներն էլ, կարծես, ավելի կողմնակից են հրեաներին: Նույնիսկ խաղաղապահ ուժերն են ուղղակի, թե անուղղակի (վրիպած) հարվածներ ստացել [Իսրայելից] որոշ տեղերում»:
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ Լիբանանում ստեղծված իրավիճակը ազդել է ապրանքների գների վրա, դրանց մեջ առանձնացնում է վառելիքը: «Ինչպես ասացի, տարիներ շարունակ, երբ Լիբանանը տագնապալի օրերով է անցել, Անջարի իշխանությունները փորձ են ունեցել միշտ պահեստ ունենալ՝ պարենի, մազութի, բենզինի: Սննդի խնդիր հիմա չկա, խանութներն օրվա սպառում ունեն, բայց բենզինը եւ մազութը քաղաքային իշխանություններն ապահովում են այսպիսի նեղ օրերի համար»,- պարզաբանում է քաղաքապետը:
Մարտի 10-ից վերաբացվել են Անջարի դպրոցները (հայ առաքելական եւ ավետարանական համայնքներին պատկանող). դրանք մեկ շաբաթից ավելի փակ էին անվտանգային նկատառումներով: Սեդրակ Հավաթյանը նշում է, որ Լիբանանի կրթության նախարարը հայտարարել էր, թե այն շրջանները, որոնք ապահով են ու Իսրայելի թիրախում չեն, կարող են բացել իրենց վարժարանները՝ պահպանելով անվտանգության նորմերը:
Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter