Քաղաքական ուժերն իրենց անունները, իրենց ծրագրերն իրենք են որոշում։ Մենք գործ ունենք կուսակցությունների կամ կուսակցությունների դաշիքների հետ, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժի անունով քվեաթերթիկ առանձնացնել։
Նա նշեց, որ երբ ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում ԿԸՀ կգա «Բոլորին դեմ եմ» կամ այլ անվանումով քաղաքական ուժ, իրենք նախ կնայեն փաստաթղթերը։
«Արդյոք մենք կունենանք նման կուսակցություն կամ դաշինք, որը կմասնակցի ընտրություններին, ես չգիտեմ։ Ձեր այս հարցին կարող եմ ինչ-որ չափով պատասխանել ապրիլի 24-ին, երբ որ բոլոր առաջադրումներն ավարտված կլինեն, ու բոլորդ կիմանաք այն քաղաքական ուժերի անունները որոնք առաջադրվել են։
Բնական է, որ առաջադրվելուց հետո, ըստ օրենսդրության, գրանցված բոլոր կուսակցությունների անունով քվեաթերթիկներ են տպվում»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց, երբ որ կունենան ցանկացած անունով կուսակցություն, բնականաբար, պետք է այդ անունով քվեաթերթիկ տպագրել։
«Բայց այսօր ասել, արդյոք… Պետք է ունենանք գրանցված կուսակցությունը կամ դաշինքը, որպեսզի տպագրենք։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, ինքնաբացարկ չհայտեն, բնականաբար, տպագրելու ենք՝ ինչ անուն ուզում է կուսակցությունը կամ դաշինքը կրի»,- ասաց Վահագն Հովակիմյանը։