Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4 տոկոս, դաշինքների շեմը 7 տոկոսից բարձրացել է 8 տոկոս և 10 տոկոս, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքները 8 տոկոսի շեմի ներքո են, 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները պետք է հաղթահարեն 10 տոկոս շեմը։
Մյուս փոփոխությունը հետևյալն է. կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7,5 միլիոն, իսկ դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն։ Սա արվել է, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, այսինքն՝ գաղափարակից ուժերը հակված լինեն միավորվելու»,- ասաց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրենց տրամադրել է Հայաստանում գրանցված 126 կուսակցության տվյալ։
Այս թիվը, սակայն, Հովակիմյանի համոզմամբ՝ վերջնական չէ, և անտրամաբանական է, որ 2,5 միլիոն ընտրող ունեցող երկրում այսքան շատ կուսակցություններ լինեն։
«Մյուս փոփոխությունը, որն ուժի մեջէ մտել փետրվարի 7-ից, վերաբերում է կոալիցիաների կազմավորման սկզբունքին։ Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավելի ուժերի կոալիցիաների ձևավորում։ Այս արգելքը հանվել է, և նոր կարգավորումներով առաջին 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։
Եթե այդ ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ փոքրամասնության կառավարության կամ կոալիցիայի համար։ Դրա վառ օրինակ կարող եմ բերել Գյումրին, երբ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին և ձևավորեցին կոալիցիա, և արդյունքում առավել ձայն ստացած քաղաքական ուժը դուրս մնաց այդ կոալիցիայից, այսինքն՝ կառավարումն ստանձնեց փոքրամասնության կոալիցիան։
Մյուս փոփոխությունն, այսպես կոչված, լրացուցիչ մանդատների, բոնուսների ինստիտուտն է։ Նախկինում այն 54 տոկոս էր, այժմ իջեցվել է 52-ի։ Այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն։ Եթե որևէ քաղաքական ուժ ունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52 տոկոսից, ԸՕ-ն սահմանում է, որ տվյալ ուժին կտրվեն լրացուցիչ մանդատներ՝ մինչև 52 տոկոսը լրացնելու չափով»,- ասաց Հովակիմյանը։