
Խնդիր կա, բայց այս ամիս ես աշխատող եմ, եթե այդպես է որոշվել, համաձայն եմ, ամեն ինչ նորմալ է։ Բյուրականի վարչական ղեկավար Սպարտակ Ռուստամյանն այսօր՝ մարտի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի և Աշտարակի համայնքապետի այն խոսակցությանը, որ հեղափոխության ակտիվ մասնակցին ցանկանում են իր փոխարեն Բյուրականի վարչական ղեկավար նշանակել։
Ռուստամյանը չակերտներ չբացեց, թե ինչ խնդրի մասին է խոսքը։
Հարցին՝ Ձեզ համար նորմա՞լ է, որ վարչապետը պետք է որոշի՝ ով լինի վարչական ղեկավար կամ առնվազն իր «դաբրոյով» նշանակում արվի, Բյուրականի վարչական ղեկավարը պատասխանեց․ «Ընդունել են, ուրեմն վերջ, ես համաձայն եմ ոնց ընդունել են։ Դա է իմ կարծիքը»։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Բյուրականի բնակիչներից մի տղամարդ մոտեցել էր Աշտարակ քաղաքում ներկուսակցական քարոզարշավի ժամանած Փաշինյանին, ուղիղ եթերում հիշեցրել՝ ակտիվ մասնակցել է 2018 թվականի «հեղափոխությանը»։ Դրան հաջորդել էր Աշտարակի համայնքապետի խոսքն ուղղված վարչապետին, թե «լավ տղա է», ցանկանում են Բյուրականի վարչական ղեկավար նշանակել։ Փաշինյանն էլ արձագանքել էր. «ուզում եք՝ նշանակեք», ըստ երևույթին այդկերպ տալով իր համաձայնությունը։
NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանին մոտեցած անձը Բյուրականի բնակիչ Ա․ Թ․-ն է։
Բյուրականի վարչական ղեկավարի հետաքրքրվեցինք, թե արդյոք տվյալ անձը մինչ այս պահը որևէ պաշտոն զբաղեցրե՞լ է։
«Չէ, ընդհանրապես, պաշտոն չի զբաղեցրել։ Մեզ մոտ ՀԷԿ-եր ունենք, գիտեմ՝ որպես օպերատոր այնտեղ է աշխատել»- նշեց Ռուստամյանը։
Հնարավո՞ր է որևէ պաշտոն չբաղեցրած անձը գա և կառավարի այդքան մեծ բնակավայրը, հետաքրքրվեցինք վարչական ղեկավարից, վերջինս այսպես արձագանքեց․ «Շատ դժվար պաշտոն է, որովհետև Բյուրականը շատ մեծ գյուղ է, լիքը պրոբլեմներով․․․ Երևի մարդիկ վստահ են իրենց վրա»։
Սպարտակ Ռուստամյանը նաև հավելեց, որ որևէ խնդիր չի ունեցել, ո՛չ համայնքապետի, ո՛չ էլ մարզպետի հետ․ «Ամեն ինչ նորմալ է եղել, ամեն ինչ լավ է եղել»։
Սպարտակ Ռուստամյանը նաև չմանրամասնեց, թե արդյոք իրեն ժամանակ տրվե՞լ է պաշտոնից հեռանալու համար։
Հնարավոր նշանակման վերաբերյալ NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Աշտարակի համայնքապետարանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Նշենք, որ Բյուրական վարչական ղեկավար 42-ամյա Սպարտակ Ռուստամյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա այս պաշտոնում նշանակվել էր այն բանից հետո, երբ բնակիչները 2021 թվականի նոյեմբերին բողոքի ակցիա էին իրականացրել վարչական ղեկավարի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի նշանակման դեմ։
«Մենք ժամանակավոր պաշտոնակատարին չենք ճանաչում, եթե ինքը գա էս գյուղի գյուղապետ, խոսք եմ տալիս, որ իմ տունը կծախեմ, գյուղից ընտանիքով կգնամ»,-ասել էին ակցիայի մասնակիցները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: