Արցախի «վերադարձածներ»-ից շատերը հետ վերադառնում են Բաքու, հայտնել է «Գեղարդ» հիմնադրամը։
Հիմնադրամը նշել է, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռազի Նուրուլլաևը դեմ է արտահայտվել, որ պետությունը տներ կառուցի «Ղարաբաղ վերադարձողների» համար՝ փոխարենն առաջարկելով ապրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Պատգամավորի խոսքով՝ մարդիկ պետք է իրենց տներն ինքնուրույն կառուցեն, որ ավելի կապվեն հողին։
Հիմնադրամը շեշտել է, որ ելույթից պարզ է դառնում, որ Արցախում վերաբնակեցվածներն այնտեղ չեն մնում։ Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ Արցախում «վերաբնակեցվել» է շուրջ 75 հազար մարդ։
Տարածվող լուսանկարներում երևում է, որ վերաբնակեցվողների մեջ մեծ թիվ են կազմում ծերերը։ «Սա նշանակում է, որ անգամ անվճար տան կամ բնակարանի տրամադրումն ու աշխատանքը՝ կարի ֆաբրիկայում, այնքան էլ գրավիչ չէ մարդկանց ու մասնավորապես երիտասարդ ընտանիքների համար, ովքեր վաղուց արդեն ապրում կամ մշտապես ապրել են Բաքվում ու Ադրբեջանի այլ քաղաքներում»,- նշել է հիմնադրամը։
Բացի այդ՝ մարդիկ հաճախ վերաբնակեցվում են այն վայրերում, որտեղ երբևէ չեն ապրել։
Հիմանդրամից հավելել են, որ նոր բնակավայրերի կառուցումը հիմնականում ցուցադրական բնույթ է կրում, և դրանք «սեփական կյանքով ապրող բնական օրգանիզմ» չեն դառնում։
Հիմնադրամից դժվարացել են ասել, թե իրականում Արցախ տեղափոխված ադրբեջանցիներն ինչպես են ապրում, քանի որ երկրում չկա ազատ մամուլ, իսկ մատուցվող տեղեկատվությունը, լուսանկարներն ու տեսանյութերն ուղղորդված են, զտված և բացառապես քարոզչական բնույթ ունեն։
Սոցցանցեր սպրդած սակավաթիվ տեսանյութերից ու հրապարակումներից երևում է, որ բնակեցմանը զուգահեռ՝ ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունն ու հուշարձանները։
