«Պետք է զգոն լինել» և «անհանգիստ ենք հարևան ժողովրդի համար». հարցում՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության մասին

Արդեն տանմեկերորդ օրն է՝ շարունակվում է ԱՄՆ-ի ու Իսրայելի մեկնարկած պատերազմը Իրանի դեմ: Փետրվարի 28-ին Վաշինգտոնն ու Թել Ավիվը հարձակվել են Իրանի վրա, ի պատասխան՝ Թեհրանը սկսել է ռմբակոծել Իսրայելը և Պարսից ծոցի երկրներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները։

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է հարձակման հենց առաջին օրը։ Երեկ՝ մարտի 9-ին, Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեիին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջում, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է՝ ի վիճակի են ինտենսիվ մարտական գործողություններ վարել առնվազն կես տարի:

Փորձագետները նշում են, որ նման լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից տարածաշրջանների վրա՝ ներառյալ Հարավային Կովկասը, մանավանդ որ այն արդեն ընդլայնվել է նաև դեպի Միջերկրական ծովի շրջան:

Հայաստանի Անվտանգության խորհուրդը վերջին շաբաթում երեք նիստ է անցկացրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին:

Armenia Today-ը փորձել է քաղաքացիներից պարզել՝ արդյո՞ք հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ի՞նչ կարծիք ունեն:

Հարցման մասնակիցների մեծ մասը հետևում է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմին, ինչը ըստ իրենց՝ կարող է որոշ չափով, թե՛ անվտանգային և, թե՛ տնտեսական առումով վատ անդրադառնալ նաև Հայաստանի վրա։

«Շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Ինչքան խորանա այնքան վատ է լինելու։ Ղեկավարները պետք է զգոն լինեն», – ասաց քաղաքացիներից մեկը։

Նրանք վստահ են՝ պետք է ՀՀ սահմաններում պատրաստ լինեն ցանկացած սցենարի։

Հարցվածներից ոմանք պատասխանեցին, որ «անհանգիստ են հարևան ժողովրդի համար», սակայն կարծում են, որ Հայաստանի համար այս պահին որևէ ռիսկեր չկան։

Գնահատելով իշխանության հնարավոր գործելաոճը այս պայմաններում, հարցվածների մեծ մասը կարծիք հայտնեց, որ կառավարությունը պետք է չեզոք դիրք գրավի:

«Մի քիչ չեզոք, չպիտի խրվի այդ կոնֆլիտկի մեջ, որովհետև քաղաքականությունը դա է պահանջում»,- նշեց նրանցից մեկը։

Հարցման մասնակիցների մի մասը հորդորեց օգնել բարեկամ պետությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment