Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր նկատմամբ

Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր նկատմամբ

10 մարտի 2026 – 18:23 AMT

PanARMENIAN.Net – Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ վստահված գույքը հափշտակելուն դրդելու համար։

Դատախազությունից պարզաբանել են, որ Լյովա Սարգսյանի նկատմամբ այլ քրեական վարույթի շրջանակում արդեն ընտրված է եղել խափանման միջոց և հայտարարվել է հետախուզում, ուստի տվյալ քրեական վարույթի շրջանակում այդ հարցին առանձին անդրադարձ չի կատարվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատախազը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Աժ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում:

Այսպիսով, տվյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Լյովա Սարգսյանը։

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարել, մասնավորապես՝ 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Ազատի Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված, վերջինս 2001-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում իր ազդեցությունն օգտագործելով հիշյալ ժամանակահատվածում պաշտոնավարող ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն:

Leave a Comment