Փաշինյանը եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Փաշինյանը եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

10 մարտի 2026 – 14:13 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։

Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների շուրջ՝ կարևորելով դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ։

Վարչապետը կարևորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը և կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment