10 մարտի 2026 – 13:32 AMT
PanARMENIAN.Net – «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարարությանն են փոխանցել Գեղարքունիքում ադրբեջանական նոր դիրքի վերաբերյալ տվյալները՝ պահանջելով բացատրություններ։ Միավորման ներկայացուցիչ Նարեկ Պարոնյանը հայտարարել է, որ իրենց այցի պատճառը Ադրբեջանի կողմից հերթական ներխուժումներն ու տարածքային զավթումներն են։
«Մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստերով ցույց տվեց, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը 2025 թվականի օգոստոսին առաջ բերել և ամրացրել իրենց հենակետերը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իշխանական շրջանակներում սկսվեց աղմուկը։ ՀՀ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց՝ «սուտ է»։ Ոչ հակափաստարկ ներկայացրեց, ոչ տվյալներ հրապարակեց։ Պարզապես հնչեցրեց մեղադրանք»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ պատրաստվում են նախարարից պարզաբանում պահանջել, թե ինչու իշխանությունները չեն հայտնել հանրությանը, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք։
Պարոնյանը նաև նշել է, որ Վարդենիսի տարածաշրջանում 2025 թվականի հուլիսին տեղի են ունեցել դիրքային առաջխաղացումներ, ինչի հետևանքով Սոթքի հանքավայրը ամբողջությամբ հայտնվել է ադրբեջանական դիտարկման տակ։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են գտնվում նաև Կութ գյուղը և Վարդենիսի շրջանի մի շարք ճանապարհներ։
Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական կողմը Հայաստանի սուվերեն տարածքում դիրքեր է կառուցել, իրականացրել ամրաշինական աշխատանքներ, փորվել են խրամատներ և այդ դիրքերից վերահսկվում է ամբողջ տարածաշրջանը։
Պարոնյանը հայտարարել է, որ իշխանությունների այն պնդումները, թե Հայաստանը 2025-ին տարածքային կորուստներ չի ունեցել, իրենց ներկայացրած փաստերով հերքվում են։ Նրա խոսքով՝ տարածքային կորուստներ գրանցվել են թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում։
Նա նաև նշել է, որ ներկայացվող փաստաթղթերը ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը փուլ առ փուլ ներխուժում է Հայաստանի տարածք։
«Սուրեն Պապիկյանը չի կարող բերել ոչ մի փաստ, որը հերքի սա։ Նույն էնտուզիազմով, որով ավտոբուսում կարկանդակ էր ուտում Նիկոլ Փաշինյանի հետ, նույն էնտուզիազմով թող փորձի փաստերով հերքել»,- ասել է Պարոնյանը։
Այնուհետև նա pաշտպանության նախարարության ներկայացուցչին փոխանցել է ադրբեջանական ներխուժման վերաբերյալ արբանյակային լուսանկարներ և համապատասխան կոորդինատներ։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Թաթոյանի ասուլիսում ներկայացված փաստարկներին, նշել է, որ անկախ լրագրողների իրականացրած հետաքննությունը փաստացի հաստատել է ներկայացված տեղեկությունները։
«Այս իրավիճակում հարցը այլևս ոչ թե Թաթոյանի մասին է։ Հարցը այն մասին է, թե ինչպես են պետության համար պատասխանատուներն ու պետության անունից հանդես եկողները վերաբերվում ճշմարտությանը։ Որովհետև երբ երկրի պաշտպանության նախարարը խորհրդարանի ամբիոնից իրականությունը հայտարարում է սուտ, ապա նա պարտավոր է ներողություն խնդրել ժողովրդից։
Իսկ եթե ապրեինք իրավական պետությունում, դրանից հետո պետք է հետևեր նաև հրաժարականը։ Որովհետև սահմանները նախ քարտեզների վրա չեն անհետանում։ Նրանք անհետանում են այն պահին, երբ իրականությունից կտրված պաշտոնավորները սկսում են հերքել իրականությունը։ Իսկ իրականությունը, որքան էլ այն փորձեն անվանել «սուտ», միևնույն է մի օր գալիս և կանգնում է մեր դռան առաջ՝ արդեն որպես կորցրած տարածք։ Սուրեն Պապիկյա´ն, հանրությունը սպասում է, ժամանակը գնաց»,-գրել է նա:
Ավելի վաղ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ Ադրբեջանը հրատապ նոր դիրքեր է կառուցել Հայաստանի օկուպացված տարածքներում, որպեսզի հարկ եղած դեպքում անցնի կոնկրետ գործողությունների»:
Planet Lab-ի թարմացվող լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգոստոսի 1-ին նշված հատվածում դիրք չկար, սակայն օգոստոսի 2-ից սկսվել են հողաշինարարական աշխատանքներ։ Օգոստոսի 9-ին դիրքն արդեն ստացել էր իր վերջնական տեսքը, գրել է Factor.am-ը:
Մարտի 4-ին Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ըստ Թաթոյանի՝ դիրքը տեղադրվել է հուլիսի 31-ից հետո՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանն ընդառաջ:
Նույն օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «սուտ» անվանեց Արման Թաթոյանի հայտնած տեղեկությունները։
«Էս ամեն ինչը, էդ հրատապ ասուլիսները, հարայ-հրոցը նրա համար են, որ ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ։ Ես շատ կարճ կպատասխանեմ՝ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի՛ հայրենակիցներ»,- ասել է Պապիկյանը։