Թաթոյան. ՀՀ ապագան «միութենական կազմում» պատկերացնողները կամ Փաշինյանի գործակալներն են, կամ անհայրենիքներ

Թաթոյան. ՀՀ ապագան «միութենական կազմում»  պատկերացնողները կամ Փաշինյանի գործակալներն են, կամ անհայրենիքներ

10 մարտի 2026 – 10:56 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողները կամ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կամ շարքային անհայրենիքներ», ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը:

«Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը ու թաքուն եք պահում մեզանից: Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։

Դո՞ւք եք մեր ինքնիշխանության երաշխավորը, դո՞ւք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս: Բա խոսեք, բան չունե՞ք ասելու մեր սահմանները ձեր լուռ թույլտվությամբ ձևափոխող Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք ուզենաք մտնել:

Չփորձե´ք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ:

Ահա, թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով»,գրել է նա:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մեկնաբանելով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն պետք է դառնա Միութենական պետության մաս, ասել է, որ «նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի»:

Leave a Comment