ՔԿ. Սոցցանցերում ներդրում կատարելու միջոցով արագ եկամուտ խոստացող գովազդները կեղծ են

ՔԿ. Սոցցանցերում ներդրում կատարելու միջոցով արագ եկամուտ խոստացող գովազդները կեղծ են

9 մարտի 2026 – 17:42 AMT

PanARMENIAN.Net – Տարբեր անձինք կամ խմբեր սոցցանցերում ներկայանում են որպես վստահելի ներդրումային կազմակերպություններ կամ մասնագետներ՝ առաջարկելով բարձր եկամտաբերություն խոստացող ծրագրեր, Սակայն նման գործունեության իրական նպատակը քաղաքացիներին մոլորեցնելն ու նրանց ֆինանսական միջոցներին տիրանալն է, հայտնում է Քննչական կոմիտեն:

Մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում՝ «Facebook», «Telegram» և այլ հարթակներում, տեղադրվում են ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդներ՝ թողնելով հղումներ, որտեղ քաղաքացիները լրացնում են իրենց անձնական տվյալները։

Դրանից հետո նրանց հետ կապ են հաստատում օնլայն հաղորդակցության միջոցներով՝ «WhatsApp», «Telegram» և այլ հավելվածներով։ Քաղաքացիներին ներկայացվում են եկամուտ ստանալու պայմաններ՝ հիմնականում օգտագործելով օտարերկրյա կազմակերպությունների անվան տակ ստեղծված կեղծ ներդրումային կայքեր։ Այդ կայքերում քաղաքացին գրանցվում է, ստեղծում օգտահաշիվ և ստանում ֆիշինգային հղում, որտեղ օգտահաշիվը լիցքավորելու պատրվակով լրացնում է իր բանկային քարտի նույնականացման տվյալները։

Այս կերպ հանցագործները հնարավորություն են ստանում հափշտակելու խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ։

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է նմանատիպ գովազդներ կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում զերծ մնալ առաջարկվող գործողությունները կատարելուց և այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին։

Leave a Comment