ԶԼՄ-ն հայտնել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծննդկանների հարազատներից գումարներ գանձելու դեպքերի մասին

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, ով ազատվել է պաշտոնից մոտ մեկ տարի առաջ, պաշտոնավարման ժամանակ «ծննդկանների հարազատներից գումարներ է ընդունել», գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ ծննդկանների հարազատները բժշկին գումար են փոխանցել հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով: Ավելին՝ թերթի պնդմամբ՝ այս մասին տեղյակ են եղել Առողջապահության նախկին և ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։

Վերջիններից որևէ մեկնաբանություն այս պահի դրությամբ չի ներկայացվել թեմայի առնչությամբ:

Թերթի տեղեկությամբ՝ վերջին շաբաթներին հարկային մարմնից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց և առաջարկում, որ եթե տվյալներ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։

Հիվանդանոցից լրատվամիջոցին փոխանցել են, որ խոսքը վերաբերում է վեց տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, սակայն հրաժարվել են այլ մեկնաբանություններից:

Հովակիմյանը պաշտոնից ազատվել էր 2025-ի ապրիլին: Նրան փոխարինել էր «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Leave a Comment