Հայտնագործություն Նյու Մեքսիկոյի քարանձավում, որը փոխել է գիտնականների պատկերացումները՝ որտեղ կարող է գոյություն ունենալ կյանքը։ ԱՄՆ-ի Carlsbad Caverns National Park ազգային պարկի խորքերում արված մի անսպասելի հայտնագործություն ստիպել է գիտնականներին վերանայել այն պատկերացումները, թե տիեզերքում ինչպիսի մոլորակների վրա կարող է կյանք գոյություն ունենալ։
Քարանձավների ուսումնասիրությամբ զբաղվող կենսաբան Hazel Barton-ը, երբ առաջին անգամ մտել էր լիակատար մթության մեջ գտնվող քարանձավային խորշերից մեկը, ամենևին չէր սպասում այնտեղ գտնել օրգանիզմներ, որոնք կարողանում են օգտագործել լույսի էներգիան։ Սակայն հենց այդտեղ էլ նա հայտնաբերել է միկրոբների մի շերտ, որը բացել է գիտության համար նոր պատկերացում․ նույնիսկ գրեթե լիակատար մթության մեջ հնարավոր է ֆոտոսինթեզ։
Հսկայական քարանձավային աշխարհ անապատի տակ
Նյու Մեքսիկոյի հարավում՝ Չիուաուայի անապատի ժայռոտ կիրճերի տակ, գտնվում է 119 քարանձավներից կազմված ընդարձակ համակարգ։ Այս քարանձավները ձևավորվել են մոտ 4-ից 11 միլիոն տարի առաջ, երբ ծծմբական թթուն լուծել է կրաքարային ապարները։ Այստեղ է գտնվում նաև հայտնի Carlsbad Cavern քարանձավը։ Նրա գլխավոր սրահը՝ «Մեծ սենյակը», հսկայական ստորգետնյա տարածք է՝ մոտ 1220մ երկարությամբ և 191մ լայնությամբ, որի առաստաղից կախված են փայլուն ստալակտիտներ։ Քարանձավը բավականին հասանելի է այցելուների համար․ այստեղ կան աստիճաններ, զբոսաշրջային ուղիներ, իսկ որոշ հատվածներ հասանելի են նույնիսկ սայլակ օգտագործող մարդկանց։
Միկրոբներ, որոնք «լույս են գտնում» մթության մեջ
Ուսումնասիրությունների ժամանակ նկատել են, որ քարանձավի պատերին ապրում են ցիանոբակտերիաներ՝ միաբջիջ օրգանիզմներ, որոնք սովորաբար սնվում են արևի լույսով։ Սակայն այստեղ խնդիր կար․ քարանձավի այդ հատվածում արևի լույս ընդհանրապես չկար։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ այս միկրոբները օգտագործում են քլորոֆիլի հատուկ տեսակներ՝ քլորոֆիլ D և քլորոֆիլ F։ Դրանք կարողանում են որսալ ոչ թե սովորական տեսանելի լույսը, այլ մերձ ինֆրակարմիր լույսը, որը մարդու աչքը չի տեսնում։
Ինչու է սա կարևոր տիեզերքի համար
Այս հայտնագործությունները կարևոր հետևանք ունեն աստղագիտության համար։ Երբ գիտնականները փնտրում են բնակելի մոլորակներ այլ աստղային համակարգերում, նրանք ուշադրություն են դարձնում այն աստղերին, որոնց շուրջ կարող է գոյություն ունենալ հեղուկ ջուր։ Մեր Արեգակը պատկանում է G դասի աստղերին, սակայն տիեզերքում դրանց բաժինը ընդամենը մոտ 8% է։ Մեր գալակտիկայում ամենատարածվածը կարմիր թզուկներն են՝ M դասի աստղերը։ Դրանց շուրջ արդեն հայտնաբերվել են բազմաթիվ քարքարոտ էկզոմոլորակներ։ Խնդիրն այն է, որ կարմիր թզուկները հիմնականում արձակում են մերձ ինֆրակարմիր լույս, ոչ թե տեսանելի սպեկտրի լույս։ Եթե ֆոտոսինթեզը հնարավոր լիներ միայն տեսանելի լույսի դեպքում, ապա այդպիսի համակարգերում կյանքի հավանականությունը փոքր կլիներ։
Սակայն քարանձավներում հայտնաբերված միկրոբները ցույց են տալիս, որ ֆոտոսինթեզը կարող է աշխատել նաև ավելի երկար ալիքների դեպքում։ Գիտնականները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել այս միկրոօրգանիզմները և պարզել, թե որքան նվազագույն լուսավորության պայմաններում կարող է շարունակվել ֆոտոսինթեզը։
