«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը
– Պարո՛ն Խանումայն, 10-րդ օրն է ինչ Իրանում պատերազմ է ընթանում, եթե այն շարունակվի ևս 10 օր կամ, ինչպես ամերիկյան կողմն է հայտարարել՝ մինչև սեպտեմբեր, ՀՀ տնտեսության համար ի՞նչ հնարավոր ռիսկեր կարող են առաջանալ:
– Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն էր, որը բացի բարիդրացիական հարաբերություններից ստացվող դիվիդենտներից, նաև կարևոր տարանցիկ նշանակություն ուներ։ Արդեն իսկ տնտեսվարողները խոսում են Իրանից Հայաստան փոխադրումների 10-20 տոկոս թանկացման և ապահովագրական վճարների ավելացման մասին։ Դրան գումարած՝ Իրանն արգելել է իր երկրից պարենի արտահանումը, որը հայաստանյան որոշակի ապրանքային շուկաներում կարող է բերել թանկացման։
-Պարո՛ն Խանումյան, եթե Իրանի շուրջ 90 միլիոնանոց բնակչությունից թեկուզ մեկ տոկոսը՝ մոտ 900 հազար մարդ, շարժվի Հայաստանի ուղղությամբ, երկրում կառաջանա՞ հումանիտար ճգնաժամի վտանգ, և արդյոք դա հնարավոր կլինի՞ կառավարել։
– Դա ամենավատ սցենարներից մեկը կլինի, դրա համար Հայաստանը պետք է հստակ որոշի, թե ինչքա՞ն բնակչություն կարող է միաժամանակ ընդունել մեր երկրում և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Դա թե՛ համապատասխան սոցիալական, վերլուծական, տարածքային կառավարման, անվտանգության ծառայությունների ներուժի բարձրացումն է, այդ թվում պոտենցիալ կադրերին աչքի տակ ունենալը, թե՛ տարբեր մարզերում դատարկ ու արագ վերանորոգելի բնակֆոնդի հաշվառումն է՝ մարդկանց մեծ հոսքերի դեպքում այնտեղ ուղղորդելու համար, թե՛ տարբեր միջոցառումներ և ծրագրեր նախագծելն է՝ հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով։
– Պետական մակարդակով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ հնարավոր լինի դիմակայել հնարավոր ռիսկերին:
– Առաջնային կարևորության քայլը պարենային անվտանգության ուղղությամբ արտահերթ միջոցառումներ ձեռնարկելն է։ Իրանի սահմանի փակվելը կարող է խոցելի դարձնել վրացական ուղղությունը։ Մեկ բաց սահման ունենալն արդեն իսկ ռիսկ է։ Պատերազմը սկսելուց ի վեր ես գրում եմ քաղաքացիական պաշտպանության տարբեր ծառայությունները բարձր պատրաստության բերելու անհրաժեշտության մասին, իսկ մինչ այդ գերատեսչությունները պետք է կարևոր գործառույթներ կատարեն, մասնավորապես, պարենային անվտանգության բնագավառում:
Կառավարությունը պետք է գնա որոշակի քայլերի․ պայմանավորվի, փոխառություններ տա ներմուծողներին հնարավորինս մեծ ծավալների պարենամթերք ներմուծելու համար (ալյուր, հացահատիկային մշակաբույսեր, այլ հատիկավորներ, ձեթ, շաքարավազ, կաթի փոշի և այլն): Լրացուցիչ միջոցառումներ անի գարնանացանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կրկնապատկել ցորենի, գարու, խոտի տարբեր տեսակների ցանքսերը, ընդհուպ՝ ոռոգելի հողեր ունեցողներին պարտադրի ցանքաշրջանառություն, կոորդինացնի համատեղ գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:
Անասնակերի համար փոխառություններ տա անասնապահական, թռչնաբուծական տնտեսություններին և որոշակի թվով անասուններ ունեցող գյուղացիներին՝ անասունների/թռչունների գլխաքանակն ավելացնելու և ապակենտրոնացված կենդանի անձեռնմխելի պաշար ունենալու համար։ Ճիշտ կլինի անասնակերի ներմուծումը կազմակերպվի կենտրոնացված ձևով՝ ցածր ինքնարժեք ունենալու համար, և փոխառություններն էլ տրվեն անասնակերի տեսքով: Փոխառություններ տրվեն տնտեսվարողներին և ֆերմերներին՝ պահեստային հզորություններն ավելացնելու համար:
Կառավարությունը պարտավոր է նաև վառելիքի ապակենտրոնացված լրացուցիչ պահեստներ ստեղծել։ Դա կարող է անել ներմուծող ընկերությունների հզորությունների ավելացման խրախուսման եղանակով։ Բայց միայն կառավարությունը չէ, որ պետք է քայլեր ձեռնարկի։ Ընտանեկան տնտեսությունները ևս ակտիվ պետք է լինեն։ Հաշվի առեք, որ ֆորս մաժորի դեպքում մի քանի օրում խանութների պարենամթերքը, կենցաղային քիմիայի և այլ ապրանքներ արագ սպառվում են։ Հետևաբար ճիշտ կլինի, որ ընտանեկան տնտեսությունները ևս սկսեն պարենի և այլ անհրաժեշտ ապրանքների կուտակումը (3-6 ամսվա հաշվով՝ ըստ հնարավորությունների)։
Իրանցիների մեծ հոսքի դեպքում Հայաստանում պետք է պատրաստ լինեն պարսկերեն խոսող սոցիալական աշխատողների մեծ խմբեր, որոնք սահմանին կփորձեն խմբավորել Հայաստան եկող իրանցիներին: Հայաստան մուտք գործողների մասին ստանալ հնարավորինս շատ տեղեկություն՝ մասնագիտական ունակությունների, տեղական առանձնահատկությունների, լեզուների իմացության, դավանաբանական պատկանելության և այլն՝ նրանց հնարավորինս արագ հյուրընկալելու և/կամ ինտեգրելու համար։
Գնահատել Հայաստան մուտք գործողների տրամադրությունները․ մարդիկ, որոնք ժամանակավոր ապաստան են գտնում, մինչև կյանքը տանելի դառնա Իրանում, մարդիկ, որոնք Հայաստանը դիտում են որպես տարանցիկ երկիր, մարդիկ, որոնք մտադիր են Հայաստանում բնակվել մշտապես (այս շարքում իհարկե հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի Իրանի հայ համայնքը):
Մարզերում արագ իրականացնել ազատ բնակֆոնդի հաշվառում, ոչ բնակելի վիճակում գտնվող գույքի վերանորոգման/վերակառուցման ծրագիր իրականացնել: Սահմանել ներգաղթյալների առավելագույն թիվ, որը կարող է ընդունել Հայաստանը՝ ելնելով բնակֆոնդի, սոցիալական վիճակի և այլ բաղադրիչներից: Բանակցել պոտենցիալ դոնորների հետ՝ Իրանից ժամանողների մեծ թվի դեպքում Հայաստանին աջակցություն ցույց տալու համար: Ուսումնասիրել եկողների մասնագիտական ունակությունները՝ հայաստանյան աշխատաշուկայում նրանց ներգրավելու համար։
Ունենալ հատուկ ֆոնդ՝ մարզերում ներդրողներին փոխառություններ/արտոնյալ վարկեր հատկացնելու համար՝ եկած մասնագիտական ներուժի հիման վրա ընդլայնվելու կամ նոր արտադրություններ/ծառայություններ հիմնելու համար։ Քաղաքացիական պաշտպանության որոշ ծառայություններ (տրանսպորտի, նյութական ապահովության, առողջապահության և այլն) պետք է անցնեն օպերատիվ հերթապահության՝ թույլ չտալու անկազմակերպ գործընթաց։ Սյունիքի մարզի համապատասխան ծառայությունները պետք է ուժեղացվեն, համալրվեն։ Գնահատել Իրանի հետ ժամանակավոր վիզային ռեժիմ մտցնելու անհրաժեշտությունը։
– Պարո՛ն Խանումյան, Կառավարության կողմից տեսնո՞ւմ եք այս առումով տարվող աշխատանք, ինչպե՞ս կգնահատեք այդ աշխատանքը:
– Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Որոշ հաղորդագրություններ հուշում են, որ պատկան մարմիններում առնվազն քննարկումներ տեղի են ունենում։ Բայց ի՞նչ որոշումներ կան այդ քննարկումների արդյունքում՝ դեռևս հայտնի չէ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am