Պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, ովքեր «Քաղաքացիական պայմանագրի» բարձրագույն խորհրդի որոշմամբ հեռացվել էին կուսակցությունից և հիմնել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» (ՄԱՍԿ), մարտի 9-ին կայացած ասուլիսում հայտարարել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
«Մենք որոշում ունենք, որ մասնակցելու ենք ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Ձևաչափի մասին դեռ որոշում չունենք: Բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ, և եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ», – նշել է Աղազարյանը։
Ասլանյանը կտրականապես բացառել է ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցությունը: «Մենք ՔՊ-ի հետ ոչ մի դեպքում չենք համագործակցի, որովհետև այնքան են հեռացել հեղափոխական արժեքներից։ Էն մարդիկ, ովքեր մտածում են՝ ՔՊ-ի հետ կարող ենք համագործակցել, չարաչար սխալվում են», – հայտարարել է Ասլանյանը:
Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը 2024 թվականի դեկտեմբերի 3-ին հեռացրել է կուսակցությունից «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Ինքը՝ Աղազարյանը, այնուհետև հայտարարել է, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։ Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Բացի այդ, Աղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրա գործը գտնվում է դատարանում։
Ասլանյանը հեռացվել էր «Քաղաքացիական պայմանագրից» այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի (Facebook) իր էջում հայտնվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրության սքրինշոթը։ Այդ նամակագրության մեջ Հայրապետյանն Ասլանյանին ուղարկել էր «ապաշխարության» տեքստ, որը վերջինս պետք է հրապարակեր՝ հավանաբար կուսակցությունից հեռացվելուց հետո իր դիրքորոշումը մեղմելու համար։ Հայրապետյանը հետագայում հաստատել է, որ ինքն է գրել այդ տեքստը՝ բացատրելով, որ Ասլանյանն իր նախկին դասախոսն է եղել և օգնություն է խնդրել՝ հուզական վիճակում արված հայտարարությունները շտկելու համար։
