Թրամփը դժգոհ է, Պուտինը՝ գոհ Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելուց։

Fox News-ի հաղորդավար Բրայան Քիլմիդի խոսքով՝ նա քննարկել է այդ հարցը ԱՄՆ նախագահի հետ, որին Թրամփը պատասխանել է. «Ես դժգոհ եմ»։

Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, նշանակվել է նրա իրավահաջորդը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրել են Իրանի փորձագետների ժողովի անդամները։

Իսրայելի անվտանգության ծառայությունները կարծում են, որ այաթոլլա Ալի Խամենեիի որդին կարող է վիրավորված լինել անցյալ շաբաթ ավիահարվածի ժամանակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ. այն հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Մեծարգո պարո՛ն Հոսեյնի Խամենեի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահը հայտարարել է Թեհրանին անփոփոխ աջակցության և իրանցի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության մասին։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Խամենեին կշարունակի իր հոր գործը և կհամախմբի Իրանի ժողովրդին փորձությունների առջև։

Պուտինը Մոջթաբա Խամենեիին ուղղված ուղերձում Իրանի վրա հարձակումը կրկին անվանել է զինված ագրեսիա։

Leave a Comment