Հայաստանում «թթվային թունավոր անձրևներ» չեն արձանագրվել․ ՇՄՆ – Armenia Today

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն անդրադարձել է ԶԼՄ-ներում տարածվող հրապարակումներին՝ «թթվային թունավոր անձրևների» վերաբերյալ։

Կենտրոնից հայտնում են, որ Ամբերդի դիտակայանում իրականացվում է մթնոլորտային տեղումների որակական մշտադիտարկում։ Մարտի 7-8-ը տեղացած տեղումների ուսումնասիրության արդյունքներով՝ տեղումներում թթվայնության, ինչպես նաև անիոնային և կատիոնային կազմի փոփոխություններ չեն արձանագրվել։

Կենտրոնի փոխանցմամբ՝ մարտի 9-11-ը Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12-20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։

Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի Հայաստան օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Ըստ կենտրոնի՝ հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, իսկ Իրանից նման ցիկլոնների ներթափանցումը տարածաշրջան խիստ հազվադեպ է լինում։

Միաժամանակ՝ նշվում է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում Իրանի տարածքում օդային հոսանքների շարժը լինելու է արևմուտքից արևելք՝ դեպի Թուրքմենստան։

Կենտրոնը նաև տեղեկացնում է, որ մթնոլորտային պայմանների մշտադիտարկումն իրականացվում է շարունակական, և որևէ փոփոխության դեպքում հանրությունը կտեղեկացվի։ Բնակչությանը կոչ է արվում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։

Սպահանի միջուկային օբյեկտն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից լուրջ վնասվել է, սակայն առայժմ ռադիացիոն աղտոտման մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Leave a Comment