9 մարտի 2026 – 13:40 AMT
PanARMENIAN.Net – Իրանի Իսֆահան քաղաքում գտնվող միջուկային օբյեկտը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի միջուկային անվտանգության կենտրոնին։
«Իսֆահան նահանգում գտնվող գամմա-ճառագայթմամբ ստերիլիզացիայի մեկ օբյեկտ մարտի 7-ին ենթարկվել է օդից իրականացված հրթիռային հարձակման՝ սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից», — նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության տվյալներով՝ ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 1-ին հակառակորդը երկու փուլով հարվածներ է հասցրել Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտին, որտեղ տեղակայված է ուրանի հարստացման գործարանը։ Նշվում է, որ այնտեղ նույնպես արտահոսքեր չեն արձանագրվել։
Իրանը հայտարարել է, որ շարունակելու է միջուկային տեխնոլոգիաների զարգացումը: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին:
«Միջուկային տեխնոլոգիաների զարգացման ուղին կշարունակվի առանց դադարների»,-ասել է նա:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանից աջակցություն է ստացել տարբեր ուղղություններով։
«Նրանք մեզ օգնում են բազմաթիվ տարբեր ուղղություններով», — ասել է նա NBC հեռուստաալիքին՝ հավելելով, որ ինքը տվյալներ չունի հետախուզական տեղեկատվության տրամադրման վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գնահատմամբ՝ Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի շրջանում տեղի ունեցած հարվածի պատասխանատվությունը կրում է Թեհրանը։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում Air Force One նախագահական ինքնաթիռում մարտի 8-ի գիշերը, հայտնում է Deutsche Welle-ն:
Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի տեղի ունեցածի համար, Թրամփը պատասխանել է. «Ոչ, իմ կարծիքով, հաշվի առնելով այն, ինչ ես տեսել եմ, դա արել է Իրանը»։
Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը ուղեկցել է Թրամփին այդ ուղևորության ընթացքում, ուղիղ կերպով չի հաստատել այդ գնահատականը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ներկայում «զբաղվում են այդ միջադեպի հետաքննությամբ»։
Իրանի Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում գտնվող «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը ավերվել է փետրվարի 28-ի առավոտյան տեղի ունեցած հրթիռային հարվածի հետևանքով։ Արդյունքում զոհվել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։ Մինաբի շրջանի դատախազի հայտարարությամբ՝ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են եղել։
Մարտի 5-ին The New York Times-ը, վերլուծելով Planet Labs ընկերության արբանյակային լուսանկարները, հայտնել էր, որ դպրոցի շենքը լրջորեն վնասվել է բարձր ճշգրտությամբ հարվածի հետևանքով, որը հասցվել է միաժամանակ մոտակայքում գտնվող ռազմածովային բազայի վրա հարձակումների հետ։ Այդ բազան վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։
Լրատվամիջոցի հրապարակման մեջ նշվել է, որ ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները, ըստ որոնց ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Օրմուզի նեղուցի մոտ գտնվող ռազմածովային թիրախներին, որտեղ տեղակայված է բազան, թույլ են տալիս ենթադրել, որ այդ հարվածի հետևում կարող է կանգնած լինել հենց այդ երկիրը։
Air Force One ինքնաթիռում մարտի 8-ի գիշերը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ հետաքրքրված չէ Թեհրանի հետ բանակցություններով։ Նա ենթադրել է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել այն ժամանակ, երբ Իրանն այլևս չունենա ունակ բանակ կամ չունենա որևէ պետական առաջնորդ։
«Կարծում եմ՝ ինչ-որ պահի պարզապես չի մնա որևէ մեկը, ով կկարողանա ասել. «Մենք հանձնվում ենք»», – Թրամփի խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։
Միաժամանակ ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում Իրանում ռազմական գործողությանը ներգրավել քրդերին։ Նրա խոսքով՝ քրդերը պատրաստ կլինեին միանալ պատերազմին, սակայն ինքը նրանց փոխանցել է, որ նման ցանկություն չունի։
«ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունի քրդերի հետ, սակայն մենք չենք ցանկանում առանց այն էլ բարդ պատերազմը դարձնել ավելի բարդ», – պարզաբանել է Դոնալդ Թրամփը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքի երկրներին հասցվող հարվածները և բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
«Ես ընդգծել եմ տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի հարվածներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Իրանը պետք է նաև երաշխավորի նավագնացության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը», — գրել է Մակրոնը X իր էջում։
Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում Իրանի «ապակայունացնող գործունեության» կապակցությամբ՝ միաժամանակ ընդգծելով իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը կարևորել է Իրանում պահվող Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսիլ Կոլերի և Ժակ Պարիի հայրենիք վերադարձի հարցը։
Մակրոնի խոսքով՝ առաջնորդները պայմանավորվել են հետագայում ևս պահպանել կապը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների ռազմական գործողության ավարտի ճշգրիտ ժամկետները դեռևս որոշված չեն։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ամերիկյան զինվորականները գործողության ծրագիրը իրականացնում են առաջանցիկ տեմպերով:
«Չգիտեմ։ Ես երբեք կանխատեսումներ չեմ անում։ Կարող եմ միայն ասել, որ մենք առաջ ենք անցել գրաֆիկից»,-ասել է Դոնալդ Թրամփ
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ «Էպիկական կատաղություն» անվանումը ստացած ռազմական գործողությունը կարող է ավարտվել 4–5 շաբաթվա ընթացքում։ Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները գրեթե անսպառ են։
Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատրաստ են մինչև կես տարի շարունակել մարտական գործողությունները ԱՄՆ-ի դեմ։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Հաղորդվել է ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։